Օրաթերթ նոյեմբեր
8 երեքշաբթի 2009 տպագրության
ժբ տարի # 2
30 (2419)

 

 

 ԱՌԱ՛Ջ, ՄՈՆՏԱԺՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ «Youtube» կայքում (www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw) հայտնվել են 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար նկարահանված երկու հոլովակների` մոնտաժի արդյունքում դուրս մնացած հատվածներ: Այս հատվածներում լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը նախատեսված տեքստից շեղվում ու իրենց մտածածն են ասում հենց խցիկի առաջ: Ազարյանն ուղղակի հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Հեռուստադիտողը, բնականաբար, այս հատվածները չի տեսել. դրանք մոնտաժվել են: Ճիշտ նույն կերպ` քաղաքական դատավարություններում ՀՀ դատախազությունը ներկայացնում է Մարտի 1-ի մոնտաժված կադրերը եւ դրանցով «հիմնավորում» շինծու մեղադրանքները: Փաստորեն, Հայաստանը ապրում է երկու` իրար հետ կապ չունեցող հարթություններում` մեկը` իրական-չմոնտաժված, մյուսը` սերժական-մոնտաժված:

................................ 

ԿՐԿՆԱԿԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով անցած շաբաթ օրը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, գրանցվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հետեւյալ ելույթով.

Հարգելի դատարան.

2009 թ. հուլիսի 1-ից գտնվում եմ ապօրինի կալանքի տակ` ապօրինի եւ շինծու քրեական հետապնդման հետեւանքով: Ս/թ դեկտեմբերի 5-ից, սակայն, իմ կալանքի տակ գտնվելը կրկնակի ապօրինության բնույթ է ստացել, որովհետեւ դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես 2010 թվականի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եւ սրանից հետո ես ազատ չեմ արձակվել:

Այսպիսով, արդեն երկու օր ունենալով ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ` կալանավորված եմ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Սա ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետին, որտեղ հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակահատվածում ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

Օրենսդրական այս դրույթից ուղղակի բխում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն չի կարող կալանավորվել, այսինքն` կալանավորված լինել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Իսկ այս պահի դրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինձ կալանավորելու համաձայնություն չի տվել, եւ չնայած սրան` ես գտնվում եմ կալանավորված վիճակում:  

Հարգելի դատարան.

ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:

Խտրականությունը, կախված` սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային որեւէ փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:  

ՀՀ Ընտրական օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ԱԺ պատգամավորի 4 թեկնածուի` Հմայակ Հովհաննիսյանին, Դավիթ Հակոբյանին, Արա Սիմոնյանին եւ ինձ: Գրանցման արդյունքում` պատգամավորության բոլոր թեկնածուների համար ծագել են նույն պարտականությունները եւ իրավունքները: Բայց փաստացի ստացվել է այնպես, որ իմ մրցակիցներն օգտվում են առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության չկալանավորվելու, այսինքն` կալանքի տակ չլինելու իրավունքից, իսկ ես այդ իրավունքից չեմ օգտվում: Այլ կերպ ասած` պատգամավորության մնացած թեկնածուները օգտվում են օրենքով պատգամավորության թեկնածուին վերապահվող որոշակի անձեռնմխելիության իրավունքից, իսկ ես, փաստորեն, չեմ օգտվում, չնայած հանդիսանում եմ ԱԺ պատգամավորի թեկնածու: Այսպիսով, կալանավորված լինելու` անձնական հանգամանքի բերումով, իմ նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, եւ ես զրկված եմ օրենքով ինձ վերապահված իրավունքից օգտվելու հնարավորությունից: Իրավունք, որը Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանափակված չէ: Այսինքն, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանված չէ, որ կալանքի տակ գտնվող անձը պատգամավորի թեկնածու առաջադրվելու, ապա եւ` պատգամավորի թեկնածու գրանցվելու դեպքում չի օգտվում ԱԺ պատգամավորի թեկնածուներին վերապահվող որեւէ իրավունքից:

Փաստորեն, առանց ԿԸՀ համաձայնության չկալանավորվելու իրավունքից օգտվելու, ապա եւ` պատգամավորության մյուս թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու հնարավորությունից զրկվել եմ` ԱԺ պատգամավորի թեկնածու դառնալու պահին արդեն իսկ կալանավորված լինելու հանգամանքի բերումով: Եւ ուրեմն, պատգամավորության մնացած թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու իմ իրավունքը ապահովելու համար հարկավոր է վերացնել հենց այդ, այսինքն` իմ կալանավորված լինելու հանգամանքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում գրանցված չորս թեկնածուներից որեւէ մեկին կալանավորելու համաձայնություն չի տվել: Չնայած սրան, գրանցված թեկնածուներից մեկը գտնվում է կալանավորված վիճակում:

Բացի այս, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով որեւէ պետական մարմին եւ պաշտոնատար անձ իրավունք չունի ԱԺ պատգամավորի թեկնածուին կալանքի տակ պահել` առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Ելնելով վերը բերվածից` նաեւ այս հիմնավորումներով` միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը: Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե դուք իմ կալանքը վերացնելու լիազորություն ունեք: Այս ամենը ասում եմ` ընդամենը արձանագրելու համար իմ նկատմամբ տեղի ունեցող հերթական ապօրինությունը, որն իմ նկատմամբ դեռեւս 2007 թ. հոկտեմբերի 23-ին ծայր առած քաղաքական հետապնդումների հերթական դրսեւորումն է:

Ի դեպ, դատարանին տեղյակ եմ պահում, որ այս պահի դրությամբ դեռեւս լուծված չէ ոչ աշխատանքային օրերին իմ վստահված անձանց հետ հանդիպումներ ունենալու հարցը: Կա հավանականություն, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմը ոչ աշխատանքային օրերին ինձ հնարավորություն չի տա` հանդիպել իմ վստահված անձանց հետ, չնայած Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ընթացքում կալանքի տակ գտնվող պատգամավորության թեկնածուներին օրական երկու ժամ` վստահված անձանց հետ հանդիպում ունենալու իրավունք է տալիս: Հայտնում եմ նաեւ, որ քարոզարշավի առաջիկա 30 օրերի գրեթե կեսը ոչ աշխատանքային օրեր են, եթե հաշվի ենք առնում շաբաթ-կիրակիները եւ ամանորի տոները:

................................ 

Օբամային` հյուր

Բարաք Օբամայի հրավերով երեկ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպմանը հատուկ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորման թեմաները: 

Այն, որ կողմերն այս թեմաների շուրջ բավական երկար են խոսել, ենթադրել է տալիս այն փաստը, որ մոտ ժամը 9-ին սկսված հանդիպումը նախատեսվածից բավական երկար է տեւել` երկու ժամ: Հանդիպման ավարտից հետո Էրդողանը հանդիպել է լրագրողների հետ: Նա տեղեկացրել է, որ Օբամայի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նա նշել է, թե  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններից: «Դա շատ կարեւոր է` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համալիր հարաբերությունների տեսանկյունից»: Էրդողանը նաեւ հայտնել է, թե Բարաք Օբաման իրեն շնորհավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տեղ գտած առաջընթացի կապակցությամբ: Այս տեղեկությունները համացանցում հայտնվեցին կեսգիշերից հետո:

................................ 

գրիպի՞ դեմ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրամանագիր է ստորագրել, ըստ որի, դեկտեմբերի 8-19-ը դադարեցվելու են դասերը բոլոր դպրոցներում: Այդ օրերին չեն գործելու նաեւ մանկապարտեզները: ԲՈւՀ-երին այս հրամանը չի վերաբերում:  

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ԿԳՆ-ն նման քայլի է դիմել` գրիպի համաճարակի դեմն առնելու համար: Սակայն այդ պարագայում հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դադարեցվել նաեւ ԲՈւՀ-երի դասերը: Ամենեւին չի բացառվում, որ այս համաճարակային ողջ աղմուկն իրականում քաղաքական դրդապատճառներ ունի: Մասնավորապես, լուրջ կասկածներ կան, որ հակահամաճարակային միջոցառումների իրական նպատակը հետագայում զանգվածային միջոցառումները` հանրահավաքները եւ երթերը արգելելն է:

................................ 

կայուն

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը երեկ անցել է իր առաջին լուրջ հետազոտությունը, եւ այժմ Միքայելյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն բավարար:  

Միքայելյանին բուժող բժիշկը մեզ հետ զրույցում երեկ հայտարարել է նաեւ, որ եթե Սասուն Միքայելյանը հիվանդանոցային պայմաններում է վատ վիճակում գտնվում, ապա բնական է, որ բանտում նրա վիճակը ավելի վատ կլինի:

 Էջ 2

Ի՞ՆՉ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  

Օրերս Աթենքում, ԵԱՀԿ Նախարարաց խորհրդի ավարտին ընդունված երկու հայտարարությունները Հայաստանում բավականին բացասական արձագանք էին գտել փորձագետների եւ ընդդիմության շրջանում: 

Իշխանությունները, սակայն, ընդհակառակը, ընդհուպ մինչեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, հայտարարեցին, թե դա դիվանագիտական հաղթանակ էր, քանի որ «առաջին անգամ Ադրբեջանը համաձայնվեց, որ փաստաթղթում ընդգրկվի ազգերի ինքնորոշման սկզբունքը»: Հիշեցնենք. Հայաստանի, Ադրբեջանի ու ԵԱՀԿ միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ` ԵԱՀԿ Նախարարների խորհրդի` հաջորդ օրն ընդունված եզրափակիչ հայտարարություններում (որոնք նույնաբովանդակ էին) շեշտվում էր, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Փորձագետները, սակայն, միանգամից տագնապ բարձրացրեցին, որ առաջին անգամ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ընդունված փաստաթղթում տեղ է գտել տարածքային ամբողջականության սկզբունքը: Ավելին, Հայ ազգային կոնգրեսից հաջորդ իսկ օրը հայտարարություն տարածվեց, որ «Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Եւ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Ի վերջո, մի՞թե հայկական կողմի համար դրական արդյունք չէ այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը տեղ է գտել փաստաթղթում, եւ ինչո՞վ է նույն փաստաթղթերում տեղ գտած տարածքային ամբողջականության սկզբունքը վտանգում ինքնորոշման սկզբունքը: Քանի որ ամենամեծ տագնապը բարձրացրել էր հենց Հայ ազգային կոնգրեսը, ուստի պատասխանների համար դիմեցինք հենց Կոնգրեսին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ամբողջ խնդիրը ձեւակերպումների մեջ է: Նախ, Զուրաբյանը նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունք հասկացությունը միջազգային իրավունքի տեսակետից 2 ընկալում ունի. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժողովրդի իրավունքն է` իր պետականության գոյության ձեւը որոշելու համար` այլ պետության կազմում կամ այլ պետության տեսքով»: Այսինքն, միջազգային իրավունքի տեսակետից, ազգերի ինքնորոշման իրավունք հասկացությունը որեւէ ազգի համար դեռեւս չի նշանակում` անկախ պետություն ստեղծելու հնարավորություն: Բացի այդ, ինքնորոշման արդյունքում ստացած ինքնավարությունը կարող է ունենալ տարբեր մակարդակներ` մշակութային ինքնավարություն, տարածքային, ֆեդերատիվ եւ ծայրահեղ: Ինքնորոշման իրավունքի արտահայտման ծայրահեղ ձեւը, միջազգային իրավունքի տեսակետից, անջատումը կամ անկախացումն է: Սակայն, ըստ Զուրաբյանի, այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն: Որպեսզի այդ ծայրահեղ միջոցը գործնականում կիրառվի, պարտադիր կերպով պետք է խոսք չլինի այլ պետության տարածքային ամբողջականության մասին: Իսկ եթե տարածքային ամբողջականության մասին խոսք կա, ուրեմն ինքնորոշման իրավունքի ծայրահեղ միջոցի մասին խոսք լինել ուղղակի չի կարող: Մինչդեռ Աթենքում ընդունված հայտարարություններում, հիշեցնենք, իրար կողքի են դրվել ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքները: Սա, ըստ Լեւոն Զուրաբյանի, նշանակում է, որ փաստաթղթերով ուղղակի հաստատվել է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: «Եթե ձեւակերպումը լիներ այսպես, որ լուծումը պետք է գտնվի որպես փոխզիջում` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, ապա այդ մեկնաբանության հետ կարելի էր համաձայնվել: Բայց այդպես չէ ասված: Ասված է, որ երկու սկզբունքները պետք է գործեն: Իսկ եթե ասվում է «տարածքային ամբողջականություն», ապա դա Ադրբեջանի, որը ճանաչված պետություն է, տարածքային ամբողջականությունն է: Իսկ Ղարաբաղը այդ ամբողջականության սահմաններում իրականացնում է ինքնորոշման իր իրավունքը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Իր հերթին, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս փաստաթղթերի եւ «Մադրիդյան» փաստաթղթի միջեւ ակնհայտ տարբերություններ կան: «Նախկինում, Մադրիդյան փաստաթղթում նշված է եղել, որ ԼՂ-ի կարգավիճակը որոշելու համար տեղի է ունենալու «պլեբիսցիտ» ժողովրդի քվեարկություն, որի արդյունքը կարող է լինել ամեն ինչ: Դա նշանակում էր, որ արդյունքում 3 բան կարող էր տեղի ունենալ` ԼՂ-ն կարող էր լինել անկախ, կարող էր դառնալ Հայաստանի մաս, կամ` Ադրբեջանի մաս: Դրանք «Մադրիդյան» դրույթներն են: Այժմ, 56 պետությունների կողմից (եւ ՀՀ-ի համաձայնությամբ) հստակ ասվում է, որ խնդիրը նաեւ տարածքային ամբողջականության շրջանակներում պետք է լուծվի: Ինչպե՞ս: Ինչպե՞ս կարող է տարածքային ամբողջականության սկզբունքը նույն փաստաթղթում նույն ձեւով համատեղվել ինքնորոշման սկզբունքի հետ: Դա միայն մի ձեւով կարող է լինել, եթե ինքնորոշումը կատարվում է տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:    

ՀԳ. Լեւոն Զուրաբյանը երեկ տեղեկացրեց նաեւ, որ Աթենքում ընդունված փաստաթղթերի մասին Կոնգրեսի կողմից նախօրեին տարածված հայտարարության վրա աշխատել են 2 նախկին արտգործնախարարներ, նախագահի հատուկ հանձնարարություններով 1 դեսպան, բազմաթիվ փորձագետներ եւ, ի վերջո, ինքը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, ըստ Զուրաբյանի, այդ հայտարարությունը շատ լուրջ փորձագիտական վերլուծության արդյունք էր:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

................................ 

հերոսը` բանտում

Ուրբաթ օրը, շնչառության հետ ծագած խնդիրների պատճառով, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն բավարար: Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղբանտարկյալին բուժող բժիշկը` Ավետիք Մինասյանը: Վերջինիս խոսքով, երեկ իրականացվել է Միքայելյանի առաջին լուրջ հետազոտությունը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են նկատվել հիվանդի մոտ: «Որոշ փոփոխություններ կան` եւ անոթների վիճակի, եւ սրտի` իր նախկինում կրած ինֆարկտի պատճառով: Այժմ 2-3 օրով նշանակվել է փորձնական բուժում: Վաղը Միքայելյանին կզննի անեստեզիոլոգիայի բաժանմունքի վարիչը: Հետո` բոլոր բաժանմունքների վարիչները»,- նշեց բժիշկ Մինասյանը եւ ավելացրեց, որ «իհարկե, վիրահատության անհրաժեշտություն կա», սակայն ամեն ինչ կախված է ռիսկից: Եթե ռիսկը մեծ եղավ, ինչը, ի դեպ, չի բացառվում, ապա բժիշկները Սասուն Միքայելյանին կվիրահատեն միայն վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո: Ինչ վերաբերում է այն բազմաթիվ բեկորներին, որոնք Արցախյան ազատամարտի եւ մասնավորապես` Շուշիի ազատագրման ժամանակ հայտնվել են Միքայելյանի մարմնում եւ այսօր էլ քաղբանտարկյալին անհանգստություն են պատճառում, ապա, բժշկի խոսքով` «այդ բեկորները շատ են եւ «ցանավորված են» Միքայելյանի ամբողջ մարմնով»: «Ուղղակի, մենք այդ բեկորները հեռացնելու խնդիր մեր առջեւ չենք դրել: Պիտի հեռացնենք միայն այն բեկորը, որը աջ սրունքում է եւ որը նրան բավականին նեղություն է տալիս»,- պարզաբանեց Ավետիք Մինասյանը` հավելելով, թե իրենք, փաստորեն, միաժամանակ երկու վիրահատություն են անելու. մեկը` Սասուն Միքայելյանի դեմքին, մյուսը` ոտքին: «Ես անգամ որպես մարդ կարող եմ ասել, ես կողմ եմ, որ մանիակներից բացի` մնացած բոլորը լինեն ազատության մեջ: Առավելեւս` Սասուն Միքայելյանի դեպքում, որը ոչ մարդասպան է, ոչ մանիակ է, այլ` ազգի հերոս է: Ես, ճիշտն ասած, քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց նա ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել, ես շփվել եմ նրա հետ: Առավելեւս, իմանալով այդ առողջական պրոբլեմները, որ նա ունի, ես ուղղակի ցանկանում եմ, որ այդ մարդը բանտում չլինի»,- հայտարարեց բժիշկ Մինասյանը:              

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ 

................................ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին: Միայն Նիկոլի պես սկզբունքային գործիչների առկայության դեպքում է հնարավոր` վերացնել ամենաթողության այս մթնոլորտը: «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի» կարգախոսն իրականություն դարձնելու համար թիվ 10 ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը պետք է դարձնենք Նիկոլի «1+1+1+1...» բանաձեւը: Վստահ ենք, որ միայն անվերապահ նվիրման դեպքում նրա եւ մեր հաղթանակը կլինի անխուսափելի: Նիկոլի պայքարը մե՛ր պայքարն է, Նիկոլի դատը` մե՛ր դատն է, հետեւաբար` նրա հաղթանակներն էլ լինելու են մե՛ր հաղթանակները: Մեր սկսած գործն ավարտին հասցնելու ժամանակը եկել է...

ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ...

«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնություն

................................  

հաստատվեց

Շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ավարտվել է մեր թերթի այս տարվա նոյեմբերի 26-ի համարում տպագրված հայտնի լուսանկարի հիման վրա հարուցված ծառայողական քննությունը: Հիշեցնենք, որ տպագրված լուսանկարը արվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` ցմահ դատապարտվածների խցերից մեկում: Ըստ հաղորդագրության, ԱՆ քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ, քանի որ ծառայողական քննության արդյունքում հաստատվել է, որ այն տեսակցությունը, որը պատկերված է եղել մեր թերթում տպագրված լուսանկարում, կազմակերպվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ:

................................  

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը. հաշվեհամար`  

220318000829-000 (դրամային)  

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչեւ 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք` մինչեւ 150 հազար դրամ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

................................  

մահացել է

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել ու մի քանի ժամ անց մահացել Հայաստանի գրողների միավորման նախագահ Հովհաննես Մելքոնյանը: ՀՀ ոստիկանության հաղորդած տեղեկությունների համաձայն, անհայտ ավտոմեքենայի վարորդը գրողին վրաերթի է ենթարկել Երեւանի Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ: 72-ամյա Հովհաննես Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 23-ն անց 15-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

 Էջ 3

ԱՆԱՍՆԱԿԵՐ ՂՈՒՄԱՐԲԱԶԻՑ ՄԻՆՉԵՎ... 

Անցյալ հինգշաբթի տեղի ունեցավ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «Հայացք ապագային» եւ «Հարավային Կովկաս. Շախմատային մեծ պարտիա» գրքերի շնորհանդեսը: Սույն արարողությանը ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:  

Իսկ արդեն շաբաթ օրը «Օջախ» ռեստորանում, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նշվել է Գեղամյանի 60-ամյակը, որին եւս ներկա է եղել Սերժ Սարգսյանը: Ինքը` Գեղամյանը ներկա էր ՀՀԿ 12-րդ համագումարին: Իր գրքի շնորհանդեսի ժամանակ «Ազգային միաբանությունը» դիֆերամբներ ձոնեց Սերժ Սարգսյանին: Իր ծնունդի ժամանակ Մամիկոնիչը 3 ժամ քեֆ է արել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ Գեղամյանը մրցում էր Արթուր Բաղդասարյանի հետ, թե ով է ավելի շատ ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին: Գեղամյանի եւ «Ազգային միաբանության» այս «սիրային զեղումները» Սերժ Սարգսյանի հանդեպ խիստ ուշագրավ են, հատկապես, երբ դրանց նայում ենք Գեղամյան-Սարգսյան փոխհարաբերությունների ամբողջության մեջ: Գեղամյանը, ինչպես հայտնի է, միշտ փորձել է հանդես գալ արմատական ընդդիմության դիրքերից եւ մշտապես հայհոյել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին: Ավելին, Սերժ Սարգսյան-Արտաշես Գեղամյան փոխհարաբերություններում սրացումները երբեմն դրսեւորվել են անձնական վիրավորանքների մակարդակով: Իսկ հատկապես 2003-ից հետո սույն զույգի լեզվակռիվները, թվում էր, թե կարող են արդեն հասնել սեռական բնույթի հայհոյանքների: «Ես ուզում եմ Սերժ Սարգսյանին մի քանի հարցով դիմել: Հարց առաջին. պարոն Սարգսյանն ամռանը Մոնտե Կառլոյում ղումար խաղացե՞լ է, թե՞ ոչ: Եւ եթե խաղացել է ու տանուլ տվել այդ միլիոնները` որտեղի՞ց է նա հատուցել դրանք». այս եւ մի քանի այլ հարցեր Գեղամյանը ուղղել է Սերժ Սարգսյանին 2004 թվականի փետրվարի 12-ին «Առավոտին» տված հարցազրույցում: «Ուրիշներին մեղադրելը հարիր չէ այն մարդուն, որը ձախողել է Ազգային անվտանգության նախարարության ղեկավարումը` հնարավոր դարձնելով 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ու փոխանակ Սերժ Սարգսյանը խստագույնս պատժվեր այդ մեծագույն հանցագործությունը չկանխելու համար` այսօր հանդես է գալիս բարոյականության ճառերով». սա եւս մեջբերում է Գեղամյանի նույն հարցազրույցից, որը շարունակվում է այսպես. «Մի ամբողջ ազգ չի ընդունում հատկապես իրեն (Սերժ Սարգսյանին-հեղ.) եւ ասում է, թե մեր երկրի փրկությունը պայմանավորված է իր հեռացմամբ: Ուստի, Սերժ Սարգսյանին ուզում եմ հորդորել` թող անպայման խորհի մեր ժողովրդի հավաքական կամքի այդ դրսեւորման մասին»:  

դատարկ դհոլի ու մի 0-ի մասին

Գեղամյան-Սարգսյան լեզվակռվի հերթական ռաունդում պաշտպանության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անդրադառնալով Գեղամյանին, լրագրողներին ասում է. «Գեղամյանը, ինչպես միշտ, փորձել է ինչ-որ բան ասել: Նա ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է: Խուճապի մեջ է: Չգիտեմ` այս անգամ պատճառն ինչն է: Երեւի համագործակցելու առաջարկը մերժվել է, եւ մարդը չգիտի` ինչ անի: Նրան թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Նա չի հասկանում, որ եթե իր հախուռն ելույթները չլինեն, հարյուր տարի մենք նրան չենք հիշի»: Նույն օրը լրագրողների հետ հետագա զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ իր ելույթներից մեկի ժամանակ Գեղամյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: «Երեւի թե ոգելից խմիչքի դոզան մի քիչ բարձր է եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Զույգի հերթական ընդհարման ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով իր եւ Գեղամյանի հայտնի հեռուստաբանավեճին, ասում է. «...(Գեղամյանը - խմբ.) ասել է, որ ինքը «կրել» է (հեռուստաբանավեճում - խմբ.): Ես էլ եմ համաձայն, որ ինքը կրել է, բայց ինքը անասնակեր է կրել»: Պատասխանելով Սերժ Սարգսյանի սույն բնորոշումներին՝ Գեղամյանը հայտարարել է. «Եթե Սերժ Սարգսյանը իրեն եւ իր շրջապատին համեմատում է այդ անասնակերի հետ, ապա ես նրան ոչ կարող եմ հերքել, ոչ էլ հաստատել: Մյուս կողմից, անշուշտ, հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը հիմա մտասեւեռված է «կրելու» վրա, որովհետեւ պետք է հանրությանը պատասխանի, թե որքան գումար է «կրվել» Մոնտե Կառլոյի կազինոներում, եւ ինչ միջոցներ էին դրանք»: Նույն պատասխանի մեջ Գեղամյանը նաեւ հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ այդպես էլ չկարողացավ բարձրանալ տղայական հարաբերությունները ճշտելու մակարդակից: Ի դեպ, կազինոներում Սերժ Սարգսյանի տանուլ տված գումարների մասին Գեղամյանը պարբերաբար խոսել է իր ընտրողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ եւ ասել, որ եթե «Սերժ Սարգսյանը, կազինոներում հսկայական գումարներ «ղումարում» տանուլ տալու փոխարեն, այդ գումարով ցորեն գներ եւ պահեստավորեր, ապա այսօր Հայաստանում հացի գները բարձրացնելու խնդիր չէր առաջանա»: Մեկ այլ հարցազրույցում Գեղամյանն ասում է. «Հիմա արդեն ակնհայտ է, որ 1998-ի իշխանափոխությունը կապ չուներ ԼՂ հարցի հետ, եւ դա սովորական իշխանազավթում էր: Այս պատճառով Քոչարյանը, ըստ իս, զերծ կմնա ԼՂ հարցի կարգավորման որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց եւ իշխանությունը կփոխանցի այն մարդուն, ով իր հետ մասնակից է եղել 1998-ի ՀՀ նախագահի պաշտոնի բռնազավթմանը, ով իր հետ մասնակից է եղել 1999-ի ԱԺ ընտրությունների արդյունքների կեղծմանը, ով մասնակից է եղել 2003-ի նախագահական ընտրությունների խայտառակ օրինախախտումներին եւ մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծմանը եւ դրան հաջորդած հակասահմանադրական հեղաշրջմանը. այն է՝ երկրի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի փաստացի կցումը՝ Սահմանադրությամբ իր իսկ կողմից վերահսկելի գործադիր մարմնին: Իսկ մենք գիտենք, որ այդ գործում առաջին ջութակը պատկանում է Սերժ Սարգսյանին»: Ի դեպ, սույն հայտարարությունը Գեղամյանն արել է դեռ 2003-ին, «ՀԺ»-ին տված հարցազրույցի ժամանակ: Նույն թվականին ԱՄ համագումարում ունեցած իր ելույթում Գեղամյանը Սարգսյան-Քոչարյան զույգի մասին ասում է. «Իրենց նպատակն է կյանքի կոչել սեփական գավառական կոչը, թե իրենց դեմ խաղ չկա: Ուզում եմ ասել, որ ամենամեծ խաղը հենց իրենց դեմ է: Եթե իրենք կարծում են, որ իրենց դեմ խաղ չկա ղումարի ասպարեզում, մենք էլ քաղաքականության ասպարեզում ասում ենք՝ խաղ կա, եւ տապալելու ենք ձեր ապազգային իշխանությունը: Այս իշխանություններն իրենց զինանոցի բոլոր զենքերը սպառել են: Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական առումով հաշվեհարդարին, ապա իրենք սպանություններ կազմակերպելու լիմիտը եւս սպառել են: Ո՛չ Գեղամյանը եւ ո՛չ էլ նրա կուսակցությունից որեւէ մեկը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ արտերկրում թշնամիներ չունեն: Մենք ոչ մեկին չենք կողոպտել եւ ոչ մեկին չենք «քցել»: «Ազգային միաբանությանը» փամփուշտով կանխել չի կարելի»,- եզրափակել է Գեղամյանը, ով պնդում էր, թե իր դեմ մահափորձ է ծրագրված, ու եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա դրա հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանը, քանի որ ինքը, վերջինիցս բացի, այլ թշնամի չունի: Ավելին, այդ տարիներին Գեղամյանը նաեւ հարցազրույցներ էր տալիս ռուսական թերթերին: Օրինակ` «Նեզավիսիմայա գազետային» տված Գեղամյանի հարցազրույցում կարդում ենք. «Այո, ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ Հայաստանի ԿԲ-ն, կատարելով իշխող կլանի կամքը, հաճախ ներքաշվում է քաղաքականության մեջ՝ կոպտորեն խախտելով «ԿԲ մասին» օրենքը: Ֆինանսական հիմնարկների ղեկավարներն ու սեփականատերերը, դժբախտություն ունենալով ընկնել Քոչարյանի եւ նրա զինակից, ԱԽ քարտուղար, Պնախարար Սերժ Սարգսյանի աչքից, շատ արագ սնանկանում են: Իսկ ահա այն բանկերը, որտեղ «պտտվում են» այդ կլանի փողերը, ծաղկում են փլուզվող տնտեսության ֆոնին՝ չնչին գներով ձեռք բերելով թանկարժեք անշարժ գույքի ամենահամեղ պատառները: Շատ հաճախ դրանք սեփականությունն են լինում նրանց, ում նրանք արհեստականորեն սնանկացրել են»,- ասում է Գեղամյանը: Գեղամյան-Սարգսյան հակամարտությունը ի վերջո հասավ այնտեղ, որ մի օր Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Գեղամյանն իրականում մի 0 պակաս արժե: Հիշեցնենք, որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական շրջանակներում խոսվում էր, որ ընտրությունների 2-րդ փուլում Ստեփան Դեմիրճյանին չմիանալու համար Սերժ Սարգսյանը Գեղամյանին 3 միլիոն դոլար է տվել: Սերժ Սարգսյանը, հենց այդ թեման էլ ակնարկելով` հայտարարել էր, թե Գեղամյանն իրականում մի 0 պակաս արժե: Գեղամյան-Սարգսյան հրապարակային վերջին ընդհարումը տեղի ունեցավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Գեղամյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը մահափորձ էր կազմակերպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Սույն հայտարարությանը Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց. «Այդ անձնավորության մասին ես արտահայտվել եմ 1-1.5 տարի առաջ եւ ասել, որ նա դհոլի պես դատարկ մարդ է: Դատարկ մարդու ասածները ի՞նչ մեկնաբանեմ»:  

սիրտը վարչապետ է ուզում

Հիմա Արտաշես Գեղամյանն ուզում է վարչապետ դառնալ: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, «Ազգային միաբանության» անդամներն այստեղ-այնտեղ խոսում են, թե առաջիկայում` հունվարին, Սերժ Սարգսյանը Գեղամյանին նշանակելու է վարչապետ:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

................................ 

կարիքը չունի

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ «Ա1+»-ի այն հարցին, թե` ընդունելի՞ է արդյոք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը անցկացնի անազատության մեջ, պատասխանել է, թե ինքը կողմնակից է բոլոր թեկնածուների հավասարության սկզբունքի իրականացմանը: Դալլաքյանն ասել է, թե կարծում է, որ այդ սկզբունքի իրականացման տեսակետից ճիշտ կլիներ, որ Փաշինյանն իր նախընտրական քարոզչությունն իրականացներ մյուսների հետ հավասար պայմաններում: Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա, ըստ պատգամավորի, այդ խնդիրը Ընտրական օրենսգիրքը կարգավորում է. «Իսկ մյուս կողմից` չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչություն իրականացնելու լուրջ անհրաժեշտություն ունի, եւ այդ քարոզչությունը կարող է էական նշանակություն ունենալ նրա` ձայներ հավաքելու գործում: Փաշինյանին քաղաքականացված զանգվածը շատ լավ ճանաչում է եւ իր վերաբերմունքը նրա նկատմամբ կարտահայտի»,- ավելացրել է Վիկտոր Դալլաքյանը: Դալլաքյանը նաեւ ասել է. «Եթե ազատ, արդար ընտրություններ տեղի ունենան, ապա նրա հաղթելու հավանականությունը շատ մեծ է»:    

գլխաքանակ չկար

ԱԺ քառօրյան երեկ անցնում էր գրեթե դատարկ դահլիճում: Նիստի սկզբում, իհարկե, գրանցվեց 97 պատգամավոր, բայց արդեն մի փոքր անց դահլիճում մի 10 պատգամավոր էր նստած: Նրանք, նախ, 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, հետո մերժեցին օրակարգում ընդգրկել «Ժառանգության» օրինագիծը` «ՀՀ տոների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, այնուհետեւ անցան Աֆղանստան հայկական զորքերի 35-80 ներկայացուցիչներ ուղարկելու համաձայնագրի քննարկմանը: Ըստ ամենայնի, այսօր խորհրդարանը կսկսի 2010 թվականի պետբյուջեի քննարկումը:  

 Էջ 4

ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՆԱՑ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:  

Քաղբանտարկյալի փաստաբան Լուսինե Սահակյանը դատը նախագահող Մնացական Մարտիրոսյանին (Մացոյին) տեղեկացրեց, որ անցած շաբաթ օրը` դեկտեմբերի 5-ին, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին գրանցել է պատգամավորության թեկնածու: Փաստաբանը Մացոյին տրամադրեց թիվ 10 ԸԸՀ-ի համապատասխան որոշումը, որից հետո Լուսինե Սահակյանը միջնորդեց` պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին անհապաղ ազատ արձակել` մեջբերելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի, պատգամավորության թեկնածուները կարող են կալանավորվել միայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: «Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու` ԿԸՀ-ի համաձայնությունը մեզ չի տրամադրվել: Կարծում ենք, որ նման համաձայնություն գոյություն էլ չունի: Հիմք ընդունելով օրենսդրական այդ դրույթը` Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասաց Սահակյանը: Քաղբանտարկյալն ինքը` նույնպես անդրադարձավ պատգամավորության թեկնածու գրանցվելուց հետո իրեն կալանքի տակ պահելու խնդրին (տես էջ 1):

Մեղադրող դատախազներ Կորյուն Փիլոյանը եւ Հարություն Հարությունյանը միջնորդության վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու համար ժամանակ խնդրեցին: Իհարկե, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մեղադրողների համար անակնկալ չէ: Թերեւս նրանց համար անակնկալ էր այն իրավական մոտեցումը, որը արտահայտեցին քաղբանտարկյալը եւ նրա փաստաբանները: Իսկ նրանց մոտեցումը համառոտ` այսպես կարելի է բնորոշել. Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու համար բարի եղեք ապահովել ԿԸՀ-ի համաձայնությունը, իսկ քանի դեռ չկա այդ համաձայնությունը, քաղբանտարկյալին կալանքի տակ պահելը կրկնակի ապօրինի է, որովհետեւ նախկին օրինախախտումներին ավելանում է եւս մեկը` խախտվում է ՀՀ ԸՕ 111-րդ հոդվածի 6-րդ կետը:

Ինչեւէ, ակնհայտ էր, որ մեղադրող կողմն առարկելու էր միջնորդության դեմ, սակայն դահլիճում գտնվողների շրջանում սպորտային հետաքրքրություն կար, թե տեսնես այս անգամ մեղադրողներն ի՞նչ ակնհայտ իրողություն են կեղծելու` իրենց տեսակետին իրավական տեսք տալու համար: Իսկ քանի որ դեռեւս շաբաթ օրը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել էր, որ իրենք Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու հարցում անելիք չունեն, քանի որ նա մինչեւ թեկնածու գրանցվելն է կալանավորվել, ուստի ենթադրվում էր, որ նույն տեսակետը նաեւ մեղադրողները կարտահայտեն: Այս կանխատեսումն իրականացավ: Կեսժամյա ընդմիջումից հետո` մեղադրող Հարություն Հարությունյանը հենց վերը բերված պատճառաբանությամբ էլ ներկայացրեց իրենց առարկությունը: Նիկոլ Փաշինյանը մեղադրողների առարկությունից հետո կրկին ընթերցեց ԸՕ 111-րդ հոդվածի 6-րդ կետը եւ հռետորական հարց ուղղեց. «Հիմա ես կալանավորվա՞ծ եմ, թե՞ ոչ: Բայց ԿԸՀ համաձայնություն չկա»:

Մոտ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, Մացոն, ինչպես եւ սպասվում էր, մերժեց միջնորդությունը: «Հերթական անգամ խախտվեց Նիկոլ Փաշինյանի իրավունքը: Եւս մեկ հիմքով, քանի որ այժմ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածու է, նրան կալանքի տակ պահելն ապօրինի է»,- հայտարարեց Լուսինե Սահակյանն այն բանից հետո, երբ Մացոն հրապարակեց իր մերժման որոշումը:  

տեսանյութ, ձայնագրություն, լուսանկար եւ հարցումներ

Լուսինե Սահակյանը երեկ Մացոյին ներկայացրեց ռուսական «Փորձաքննությունների եւ գնահատումների մոսկովյան կենտրոն» փորձաքննություններ անցկացնող ընկերության փորձագետների եզրակացությունը` մեկ տեսագրության եւ մեկ ձայնագրության վերաբերյալ: Երկուսն էլ վերաբերում էին 2007-ի հոկտեմբերի 23-ի հայտնի միջադեպին: Տեսագրությունը հոկտեմբերի 23-ի իրադարձության հայտնի կադրերի օրիգինալ եւ ամբողջական տարբերակն էր, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ, եւ ինչպես են մարդկանց ծեծելով նստեցնում ոստիկանական ավտոմեքենաները: Ի դեպ, քրեական գործին կցված է նույն տեսագրության մոնտաժված եւ առանց ձայնի տարբերակը, որտեղ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու կադրերը բացակայում են: Փորձաքննության ներկայացված աուդիո ձայնագրության տեւողությունը մոտ կես ժամ է եւ իր մեջ ներառում է հոկտեմբերի 23-ին Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպն ամբողջությամբ: Ձայնագրությունը սկսվում է այն պահից, երբ այն ժամանակ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սաշիկ Աֆյանը, մի խումբ ոստիկանների հետ, Աբովյան-Կորյուն խաչմերուկում արգելում է իրազեկման երթի անցկացումը: Դրանից հետո` Նիկոլ Փաշինյանը Աֆյանին բացատրում է, որ նա իրավունք չունի նման արգելք կիրառել: Բարձրաստիճան ոստիկանը հենց այդ ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում է արել իր հայտնի հայտարարությունը, թե «օրենքը դա ես եմ»: Հիշեցնենք, որ Աֆյանն իր այս հանցավոր գործունեությամբ պաշտոնի բարձրացման արժանացավ եւ դարձավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ եւ մինչեւ օրս զբաղեցնում է այն:

Ինչեւէ, տեսագրությունը դիտելիս դատարանի դահլիճում զայրույթի ալիք բարձրացավ, քանի որ մարդիկ իրենց աչքերով տեսան, թե ինչպես է Աֆյանի գլխավորած բանդան հարձակվել քաղաքացիների վրա եւ նրանց ծեծի ենթարկել, այդ թվում նաեւ` կանանց եւ աղջիկների: Ի դեպ, ոստիկանների մի խումբ հատուկ տեսագրությունը դիտելու նպատակով բարձրացել էին դատարանի երկրորդ հարկում տեղակայված` լրագրողների սենյակը եւ համակ ուշադրությամբ դիտում էին, թե ինչպես են իրենց գործընկերները սովորական բանդիտների պես հարձակվում մարդկանց վրա:

Ձայնագրության վերարտադրությունից հետո եւս մեկ անգամ ապացուցվեց, որ հոկտեմբերի 23-ի իրազեկման երթին մասնակցող քաղաքացիների կողմից ոչ մի հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն չի հնչել: Նիկոլ Փաշինյանը եւ երթի մնացած մասնակիցները ընդամենը փորձել են իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ամրագրված իրենց իրավունքները:

Կադրերը դիտելուց հետո, գործով որպես իրեղեն ապացույց տուժող հանդես եկող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Վազգեն Դաբաղյանից Լուսինե Սահակյանը պահանջեց տեսագրության կադրերում գտնել իրեն: Դաբաղյանը հայտարարեց, թե իբր տեսագրության մեջ ինքը չի երեւում: Ըստ Դաբաղյանի, ինքը չի տեսել, թե երբ եւ ինչպես են ազատ արձակվել Աբովյան-Կորյուն խաչմերուկից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածները: Ըստ նրա, ինքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւս չի տեսել ոստիկանության Կենտրոնի բաժնում: Իրեղեն ապացույց տուժողի այս խոսքերից հետո Լուսինե Սահակյանը Մացոյին ներկայացրեց 2007-ի հոկտեմբերի լույս 24-ի գիշերը արված լուսանկարներ, որտեղ պատկերված է այն պահը, երբ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիները դուրս են գալիս ոստիկանության շենքից: Կադրում հարեւանությամբ երեւում է նույն ինքը` Դաբաղյանը: Այլ կերպ ասած, իրեղեն ապացույց տուժողը մշտապես ստում է, նույնիսկ` այսպես կոչված` անվնաս դեպքերում:

Վերը նշված լուսանկարներից բացի, փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը ներկայացրեցին նաեւ Աբովյան-Կորյուն խաչմերուկի «Ուրարտու» խանութի դիմաց արված լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ քրեական գործում դրված տեղազննության արձանագրությունում դեպքի վայրը սխալ է ներկայացված: Այլ կերպ ասած, մեղադրանք սարքելու համար քննիչները կեղծել են անգամ դեպքի վայրը:

Նիկոլ Փաշինյանի փաստաբանները երեկ սկսեցին հրապարակել եւ Մացոյին ներկայացնել հոկտեմբերի 23-ի` իրազեկման երթի մասնակիցների հետ անցկացված հարցումները: Մասնավորապես, հրապարակվեցին «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներ Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Տեր-Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանի, Կորյունի 13 հասցեում, այսինքն` անմիջապես դեպքի վայրում գտնվող շենքի բնակիչ Ռուբիկ Առաքելյանի հարցումները: Հարցվածները պատմել էին, թե ինչ է իրականում եղել 2007-ի հոկտեմբերի 23-ին:

Այսօր, ժամը 12-ին, դատավարությունը կշարունակվի, որի ընթացքում փաստաբանները կշարունակեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

................................  

14 եւ 25 տոկոս

Անցած կիրակի օրը թիվ 8 եւ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Հիշեցնենք, որ թիվ 8 ընտրատարածքի մանդատը թափուր էր մնացել «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի, իսկ թիվ 25 ընտրատարածքինը` «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց հետո: Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունների ելքը, կարելի է ասել, որ ի սկզբանե կանխորոշված էր, քանի որ ընտրատարածքներում մեկական պատգամավորության թեկնածուներ էին գրանցվել: Թիվ 8-ում գրանցված միակ թեկնածուն անկուսակցական Կորյուն Նահապետյանն էր, իսկ թիվ 25-ում` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, թիվ 8-ի քվեարկությանը շուրջ 61 հազար ընտրողներից մասնակցել է 8 հազար 6 հարյուրը կամ մոտ 14 տոկոսը: Կորյուն Նահապետյանի թեկնածությանը դեմ են քվեարկել 130 ընտրողներ: Թիվ 25-ի ընտրական ցուցակներով` ընտրողների թիվը 57 հազար է, որոնցից քվեարկությանը մասնակցել է մոտ 13 հազար 5 հարյուրը կամ 25 տոկոսը: Մխիթար Հարությունյանի թեկնածությանը դեմ են քվեարկել շուրջ 400 ընտրողներ: Մեկ թեկնածուով անցկացվող ընտրությունների ժամանակ թեկնածուն ընտրված չի համարվում միայն այն դեպքում, եթե նրան դեմ ձայների թիվը կողմերից ավելի է լինում:

արդարացրին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը` դեկտեմբերի 4-ին հրապարակած դատավճռով արդարացրել է սիրիահայ Ավետիս Կալայջյանին, ով մեղադրվում էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ Կալայջյանը ՀՀԿ նախկին անդամ է, ով այս տարվա մարտին դիմում էր գրել` ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ըստ որի, նա հրաժարվել է լինել մի կուսակցության անդամ, որը «շարունակում է բանտախցերում պահել հայ ազգի պարծանք ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին, սփյուռքահայերին եւ հայաստանցիներին` շարունակելով մնալ աշխարհի ամենաբռնակալ երկրների շարքում»: Կալայջյանի դեմ հարուցված մեղադրանքի համաձայն, իբր նա այս տարվա ապրիլի 12-ին ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպել: Ինչեւէ, Կալայջյանի արդարացման դատավճիռը սպասելի էր, քանի որ ֆրանսիահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ինչպես հայտնի է, դատապարտվել է սուտ մատնության մեղադրանքով` այն բանի համար, որ նա դեռեւս անցած տարվա նոյեմբերին մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ինչ-որ անձինք կարող են Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպել, ինչը հատկապես ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, եթե Կալայջյանը չարդարացվեր, ապա այդ գործն ուղղակի հակասության մեջ կմտներ Սարգիս Հացպանյանին դատապարտելու դատավճռի հետ:

 Էջ 5

ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ 

2009 թ. օգոստոսի 31-ի գիշերը լուսերես ելած հայ-թուրքական նախաստորագրված, ապա` հոկտեմբերի 10-ին նույնությամբ ստորագրված արձանագրությունների մասին անցած երեք ամիսներին շատ, գուցե չափից դուրս շատ է գրվել, խոսվել: 

Եղել են բազմաթիվ եզրակացություններ, հետագա ընթացքը կանխատեսելու փորձեր արվել, վատ ու տխուր հետեւանքներից զերծ պահելու ճիգեր գործադրվել, պայծառ կամ դժգույն հեռանկարի փաստարկներ բերվել եւ այլն: Մի բան պարզ է. այսօր, քանի դեռ շատ մանրամասներ չգիտենք, չենք կարող վաղվա օրը հստակ պատկերել ու հասկանալ տրվելիքն ու ստանալիքը, ժողովրդական լեզվով ասած` մեր գլխի գալիքը: Եւ եթե այսօրվա ու վաղվա կապը տեսանելի չէ, փորձենք եւս մեկ անգամ դիտարկել երեկվա ու այսօրվա միջեւ գոյություն ունեցողը, որոնց մասին` գիտենք ու գիտենք: Երեկվա, այսօրվա, վաղվա շղթայական կապը դեռեւս ոչ ոք չի փոխել, «պատմության կրկնության օրենքը», որոշ բացառություններով, նույնպես: Մի խոսքով` զուգահեռներ անցկացնենք:

Սովետա-թուրքական նախաստորագրված պայմանագիր: Կնքվել է 1920 թ. օգոստոսի 24-ին, Մոսկվայում: Ի տարբերություն 1921-ի մարտի 16-ի` Մոսկվայի ու 1921-ի հոկտեմբերի 13-ի` Կարսի պայմանագրերի, սրա մասին գրեթե չի խոսվում, այնինչ հիմքերի հիմքը սա էր: Ճիշտ է, այն ստորագրում էին բոլշեւիկներն ու քեմալականները, բայց պայմանագիրը ուղղակիորեն առնչվում էր Հայաստանին ու հայությանը: Նույն տարվա ապրիլի 26-ին էր Թուրքիայում լիակատար իշխանության ձգտող Քեմալ Աթաթուրքը դիմել Ռուսաստանում իշխանությունը բռնազավթած Լենինին` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկով,  հունիսի 3-ին ստացել Ռուսաստանի արտգործնախարար Չիչերինի պատասխանը: Հուլիսի 19-ին Բեքիր Սամի բեյի պատվիրակությունը ժամանում է Մոսկվա, հուլիսի 24-ին, ապա` օգոստոսի 4-ին հանդիպումներ ունենում Չիչերինի ու Արեւելյան բաժինը ղեկավարող փոխարտգործնախարար, ազգությամբ հայ Լեւոն Կարախանի հետ: Թուրքերը 2 հարց էին բարձրացնում. ա) Հայաստանի վրայով ճանապարհի բացում, բ) զենքի առաքման արագացում: «Ճանապարհի բացում» ասվածը Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի վրայով բոլշեւիկ-քեմալական զորքերի, նույնն է թե` Ադրբեջանի ու Թուրքիայի միացումն էր: Թե ո՞ւմ դեմ կռվելու համար էին զենք խնդրում, բացատրելու հարկ չկա: Առաջին հանդիպումներում Կարախանը դեմ էր Հայաստանի վրա հարձակմանը, իբր` վատ կընդունվի Արեւմուտքի եւ Ամերիկայի հասարակայնության կողմից, սակայն հետագայում տեղեկացնում է Ղարաբաղը եւ Զանգեզուրը Ադրբեջանի օգտին գրավելու մասին հրամանի արձակման ու Նախիջեւան մտած քեմալականներին միանալու պատրաստակամության մասին, ինչը նշանակում էր պատերազմի սկսում: Հայաստան մտնելու պատրվակ հորինելը նա համարում է իրենց խնդիրը եւ Թուրքիային առաջարկում` ձեռնպահ մնալ այդ հարցում, ինչը նշանակում է` Հայաստանը սովետական Ռուսաստանը դիտում էր իր ազդեցության գոտի: Հիշատակելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարումը` Կարախանը մերժում է թուրքերին` Կարս, Արդահան, Բաթում մտնելու իրավունքը, ավելին` ակնարկում Վանի ու Բիթլիսի նահանգները հայերին թողնելու մասին: Հայերին, բնականաբար, ոչ ոք ոչինչ չէր պատրաստվում թողնել, պարզապես բանակցողները փորձում էին միմյանցից հնարավորինս ավելին կորզել: Հայաստան մտնելու եւ պատերազմ սկսելու «թույլտվություն» թուրքերը հաջողում են ստանալ անձամբ Լենինից` օգոստոսի 14-ին կայացած հանդիպմանը: Քաղվածք թուրքական պատվիրակության անդամ Յուսուֆ Քեմալի հուշագրությունից. «Լենինը շատ քաղցր մարդ էր... ընտանիքը թաթար էր, այսինքն` թուրք: Հարցը ծիծաղով դիմավորեց, բայց խոսելու ընթացքում ասաց. «Մենք հասկացել ենք, որ սխալվել ենք: Այդ դուք` ինքներդ, ուղղեք»: Հրճվանքով բաժանվեցինք»:

Մնացած «մանրուքները» ընթացքում ճշտվում են, ու օգոստոսի 24-ին սովետա-թուրքական պայմանագիրը նախաստորագրվում է: Հետաքրքիր է, որ հետագայում Անկարայի կառավարությունը հավանություն չի տալիս պայմանագրին ու չի վավերացնում: Պատվիրակության անդամ, հետագայում` Թուրքիայի արտգործնախարար Ալի Ֆուադ Ջեբեսոյն է գրում. «Մեր Արեւելյան նահանգներից Հայաստանին հողեր պոկելու համար խորհրդային արտգործկոմիսար Չիչերինի միջամտության հետեւանքով պայմանագրի կնքումն անկարելի էր դարձել»: Վավերացումը կամ դրա ժամկետը ձգձգելն այս պարագայում, փաստորեն, կողմերի համար այնքան էլ կարեւոր չէր: Էականը` Հայաստանը մեջ-մեջ անելու համաձայնության ձեռքբերումն էր, ինչը շատ արագ գործի դրվեց հետագա գործողություններով:  Բոլշեւիկյան զենքով զինված Թուրքիան հարձակվեց նույն այդ բոլշեւիկների դեմ Զանգեզուրում կռվող եւ նույն այդ բոլշեւիկների քարոզչության հետեւանքով բարոյալքված, պատերազմելու անընդունակ բանակ ունեցող, բոլշեւիկների միջնորդության վրա հույսը  դրած Հայաստանի վրա, պարտության մատնեց, կնքեց Ալեքսանդրապոլի պայմանագիրն ու հետագայում իր ուզածին հասավ վերը նշված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով: Արդյունքում` Հայաստանը ոչ միայն կորցրեց անկախությունը, այլեւ ստիպված հրաժարվեց Կարսից, Սուրմալուից, Նախիջեւանից, Արցախից...

Եթե որեւէ մեկն այդ ամենի մասին խոսեր 1920-ի ամռանը, առնվազն խելառ կհամարվեր: Խելա՞ռ են այսօրվա խոսողները, մտավախություն ունեցողները, նախաստորագրված արձանագրությունների տողատակերը կարդացողները, միջնորդություններին չհավատացողները. դատեք ինքներդ:

Այսօր սեղանին նոր ստորագրված համաձայնագրեր են: Ե՞րբ, ի՞նչ պայմաններում կվավերացվեն կամ կվավերացվե՞ն արդյոք, ցույց կտա ժամանակը: Առայժմ կարող ենք միայն զուգահեռներ անցկացնել: Ավելի հարմար զուգահեռ, ցավոք, չգտա:

ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ

................................ 

հնարավոր չէ

«Եթե ադրբեջանական տարածքների վերադարձման գործընթաց չսկսվի, խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հնարավոր չէ». երեկ APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի փոխխոսնակ Սադըք Յակուտան: Նա նշել է, թե ձգտելով բարելավել ՀՀ հետ հարաբերությունները` Թուրքիան պետք է մինչեւ վերջ պաշտպանի Ադրբեջանի շահերը: «Թող ոչ ոք չկասկածի. Ադրբեջանին տված մեր խոստումը կատարվելու է: Արձանագրությունները գտնվում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սակայն առանց ԼՂ հարցի կարգավորման, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին խոսք լինել չի կարող:

ի վնա՞ս

«Հասունանում է այն պահը, երբ Հայաստանի շահերը կրկին կզոհաբերվեն մեծ տերությունների խաղին». երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Այնուհետեւ նա ավելացրել է, թե «արդեն հասունացել է այն պահը, երբ առաջատար պետությունները կրկին մի կողմ կդնեն իրենց իսկ կողմից պարբերաբար բարձրացվող Հայկական հարցը, եւ, ինչպես 1920-ականներին, իրավիճակը կզարգանա ոչ հօգուտ Հայաստանի»:

 Էջ 6

ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՈՇՎԵՑ` ԴԱՍԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ  

Ժամանակավորապես կդադարեցվի՞ արդյոք հայաստանյան դպրոցների գործունեությունը` սուր շնչառական վիրուսային համաճարակը մեր երկրում կանխարգելելու պատճառաբանություն-հիմնավորմամբ: 

Այս հարցի պատասխանը երեկ ամբողջ օրվա ընթացքում շատերին էր հուզում ու ստիպում ենթադրություններ անել, բայց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հստակություն մտցնող որեւէ պատասխան մինչեւ երեկո չէր շտապում տալ: Երեկոյան դրությամբ իր անելիքը չգիտեր նաեւ Գնահատման ու թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), որը ծրագրել էր դեկտեմբերի 8-11-ը մի շարք առարկաներից գիտելիքի արտաքին, այսինքն` ոչ դպրոցի կողմից կազմակերպվող գնահատում իրականացնել Երեւանի եւ Սյունիքի մարզի 44 հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում: Ու մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ԳԹԿ-ի մասնագետները չգիտեին` առավոտյան մեկնելո՞ւ են Սյունիք, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի դարձավ հանգստյան օրերին, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է կրթության նախարարությանը եւ առաջարկել դադարեցնել դպրոցների գործունեությունը: «Դուք տեղյակ եք, որ 1 ամսից ավելի է` մենք մոնիտորինգ ենք անցկացնում դպրոցներում եւ մանկապարտեզներում: Հիմնական միջոցառումը կայանում էր նրանում, որ հիվանդ երեխաները հնարավորինս մեկուսացվեն եւ հսկողություն սահմանվի բացակաների նկատմամբ: Սակայն վերջին օրերին որոշակի աճ նկատվեց ինչպես բացակաների թվի, այնպես էլ հիվանդացության: Դրա համար, հաշվի առնելով այն, որ հիմնականում խոցելի խումբ են հանդիսանում դպրոցները, վարակը շատ ավելի արագ է տարածվում երեխաների մոտ, մեր կողմից առաջարկ արվեց` ժամանակավորապես դադարեցնել դպրոցների գործունեությունը, եւ այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը` հիշեցնելով մի շարք երկրների, այդ թվում` Ռուսաստանի ու Անգլիայի նմանատիպ փորձը: Ու թեեւ ամեն տարի էլ այս եղանակին սուր շնչառական վիրուսների «բարդացում» է նկատվում, սակայն գրիպի տարածվածությունը համեմատելով, ասենք, անցած տարվա հետ` Արտավազդ Վանյանը նկատում է, որ դեպքերի թիվը այս տարի աճել է շուրջ կրկնակի: Ու դա, ըստ նրա, պայմանավորված է 2 հանգամանքով. նախ` աշխարհում այդ առումով լարվածություն կա, երկրորդը` հիվանդությունների նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրությունն է պատճառը, որի արդյունքում հաշվառվում է ամեն մի դեպք: «Այսինքն` անգամ այն հիվանդները, որոնք տնային պայմաններում բուժվում էին եւ բժշկի չէին դիմում, հիմա բոլորը այսօր հաշվառվում են, եւ իրավիճակը լիարժեք գնահատվում է»,- հայտարարեց տեսչության պետը: Իսկ ինչ վերաբերում է աշակերտների բացակայություններին, ապա Վանյանի խոսքով, եթե նախկինում այս ժամանակահատվածում բացակայությունները 10 տոկոսի էին հասնում, այժմ արդեն` 20-ի: «Կա նաեւ այս իրավիճակը, որ շատ ծնողներ, անգամ եթե երեխան առողջ էլ է, դպրոց չեն ուղարկում: Այսինքն` իմ ասածն ի՞նչ է. այս ամենը չի նշանակում, որ խուճապի առիթ կա, որ համաճարակ է: Բայց որպեսզի մենք վաղը խնդիրներ չունենանք, այդ կանխարգելիչ միջոցառումները պարտադիր են»,- վստահեցրեց Առողջապահության նախարարության պաշտոնյան: Նա նշեց, որ իրականացված մոնիտորինգի ժամանակ պարզվել է նաեւ, որ որոշ դպրոցներում, ինչպես, ասենք, Շիրակի մարզում կամ Երեւանի Նոր Նորքի զանգվածի դպրոցներում, չի պահպանվում անհրաժեշտ նվազագույն +18 ջերմաստիճանը: Այդ դպրոցներում գրանցվել է +15+16 աստիճան: «Գյուղերում դպրոցներ կան, որ ջեռուցում չունեն, փայտի վառարաններ են դրված: Եւ եթե անգամ դասասենյակները տաքացվում են, միջանցքում, սանհանգույցում օդի ջերմաստիճանը շատ ցածր է»,- փոխանցեց Արտավազդ Վանյանը: Ինչեւէ, երեկ երեկոյան ժամը 7-ի սահմաններում կրթության եւ գիտության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ ու տեղեկացրեց, որ` այո, դասերը դադարեցվելու են ժամանակից շուտ: Բայց չնայած Առողջապահության նախարարությունը առաջարկել էր դրանք դադարեցնել մինչեւ ձմեռային արձակուրդները` ներառյալ, սակայն ԿԳՆ-ն ավելի փոքր ժամանակահատված է ընտրել: «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` սույն թվականի դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ»,- ասված է ԿԳ նախարարության հայտարարության մեջ: Այսինքն` դեկտեմբերի 20-ից վերսկսվելիք ուսումնական պրոցեսը եւս մեկ անգամ կդադարեցվի ձմեռային արձակուրդներով` դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 10-ը ներառյալ:

Ի դեպ նշենք, որ ինչպես կրթության, այնպես էլ առողջապահության նախարարություններում չհիշեցինք, թե վերջին անգամ երբ է մի նախարարությունը մյուսի առաջ ուսումնական պրոցեսը դադարեցնելու խնդիր դրել: Հավելենք նաեւ, որ ոմանք այս ամենում քաղաքական դրդապատճառներ էին տեսնում: Հիշեցնենք, որ ուսումնական պրոցեսը դադարեցնելու անհրաժեշտության մասին խոսելուց ընդամենը մեկ օր առաջ հայտարարվեց սեզոնային գրիպից մահացությունների դեպքերի մասին: Եւ սա` այն դեպքում, երբ գոնե վերջին մի քանի տարիներին նման բան չէր արվել:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

................................ 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ» 

Էմմին ԱՄՆ-ում պատրաստվում է «Եվրատեսիլ 2010»-ին: Այն, որ նա մասնակցելու է այդ մրցույթին, որոշել են ինքն ու իր մայրը` Նադեժդա Սարգսյանը, ինչպես որ լինում է գրեթե բոլոր տարիների «Եվրատեսիլների» ժամանակ:  

Ն. Սարգսյանը նաեւ որոշել է, որ Էմմին պետք է հանդես գա Միհրանի հետ, ով հայտնի երգիչ եւ պարող է ոչ միայն հայկական շոու բիզնեսի տեսահոլովակներում, այլեւ` արտասահմանյան: Միհրանը հայտնի է հատկապես որպես հանրահայտ երգչուհի Մադոննայի խմբի պարող: Չհերքելով դեռ նախկինում հրապարակած մեր այս տեղեկությունները` վերջերս այդ մասին իր հարցազրույցներում հայտարարեց անձամբ Ն. Սարգսյանը: Երեկ այդ մասին տեսանյութ է հայտնվել նաեւ «Youtube.com» վեբկայքում: Դրան հղում կատարելով` «Apa.az» ինտերնետային կայքն էլ տեղեկություն է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը մոտ է մայիսի 22-27-ը Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլում» իր մասնակցին ընտրելուն: Որպես այդպիսի մասնակից` ինտերնետային կայքը նշում է Էմմիի ու Միհրանի անունները: Ի դեպ, վերջինիս մասին, հավանաբար` թյուրիմացաբար, կայքը գրում է իգական սեռով: Մինչ այդ տեղեկության հրապարակումը, Հայաստանի մասնակցի ընտրության մասին շաբաթ օրը, «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, հետաքրքրվեցինք «Հ1»-ի հատուկ նախագծերի մասով խորհրդական եւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունների ղեկավար Դիանա Մնացականյանից եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանից: Դ. Մնացականյանը պնդեց, որ չի բացառվում, որ Հայաստանն ընդհանրապես չմասնակցի մրցույթին: Իր այդ հայտարարությունը Մնացականյանը բացատրեց նրանով, թե իբր ինքն ամեն ինչ անելու է, որ «Եվրատեսիլի» օրենքը գործի բոլոր երկրների համար` անկախ նրանից, այդ երկրները նավթ ունեն, թե ոչ: Մնացականյանը նկատի ուներ Ադրբեջանին, որը վերջին մրցույթի ժամանակ խախտել էր կանոնները եւ ոչ միայն կեղծել էր ադրբեջանցիների կողմից Հայաստանին ուղարկված հաղորդագրությունների թիվը, այլեւ հետապնդումներ էր սկսել Հայաստանի ներկայացուցիչների` Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկածների դեմ: Ու հիմա, ինչպես հասկացվեց Դ. Մնացականյանի խոսքից, իրենք սպասելու են «Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմանը: «Հ1»-ը հույս ունի, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները Ադրբեջանին կզրկեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Նավթի մասին խոսակցություններ բացելով` նա, ըստ էության, ուզում է ցույց տալ, որ եթե Ադրբեջանը չզրկվի ձայնի իրավունքից, ապա դա կարվի իր ունեցած նավթի հաշվին: Հիշեցնենք, որ Էմմիից բացի` մասնակցելու իր ցանկության մասին հայտնել էր նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանը: Բոլորին է հայտնի, որ եթե կա Նադեժդա Սարգսյանը, ապա ընտրությունը լինելու է վերջինիս ցանկությամբ: Իսկ տ-ն Սարգսյանը հաստատ իր դստերն է սատարելու: Սակայն շաբաթ օրը, «Ազդակ» ակումբում, նա զերծ մնաց այդ թեմայով հարցերին պատասխանելուց: Երբ խոսք գնաց «Եվրատեսիլի» մասնակցի ընտրության մասին, նա ասաց, որ քանի դեռ ինքն այդտեղ է, չի ուզում, որ խոսվի այդ թեմայով: Եւ այս պայմաններում, «Հ1»-ն ուզում է, որ «Եվրատեսիլը» օբյեկտիվ գտնվի եւ հարգի օրենքները, երբ հենց ինքն է իրականացնում կեղծ ընտրություններ. ամենաթարմ օրինակը փոքրիկ երգչուհի Լուարա Հայրապետյանի ընտրությունն էր, ում նույնպես սատարում էր Ն. Սարգսյանը: Այն, որ այդ ընտրությունը կեղծված է եղել, բազմիցս վկայել են նախընտրական փուլի մյուս մասնակիցների ծնողները եւ գործընթացում ընդգրկված որոշ մասնագետներ: Ի դեպ, «Ազդակ» ակումբում հյուրընկալված Սարգսյանին ու Մնացականյանին ուղեկցում էին անցյալ 2 տարիների մանկական «Եվրատեսիլի» մասնակիցները` «Արեւիկ» համույթն ու Մոնիկա Մանուչարովան: Այս տարվա մասնակցի` Լուարա Հայրապետյանի փոխարեն հանդես էր գալիս ինքը` Ն. Սարգսյանը, քանի որ Լուարան քաղաքում չէր: Առաջին անգամ մանկական «Եվրատեսիլից» հետո արտահայտելով իր տպավորությունները` Դ. Մնացականյանն ասաց, որ իրենք սպասում էին Լուարայի 2-րդ տեղին` այդ լավ արդյունքին: Ն. Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ իրենք արդեն մտածում են հաջորդ մանկական «Եվրատեսիլի» մասնակցին ընտրելու մասին, քանի որ մրցույթին որոշել են պատրաստվել այսօրվանից, որպեսզի ամեն ինչ վերջին պահին չմնա:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

................................  

Խորիկի կինը

Դեկտեմբերի 6-ին, ժամը 23-ի սահմաններում, Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի դերասան Խորեն Լեւոնյանի կինը` բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանը: Դերասանի վարած «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի ավտոմեքենային էր բախվել մեկ այլ ավտոմեքենա: Երեկ մեզ չհաջողվեց դերասանից մեկնաբանություն ստանալ կատարվածի առնչությամբ: Ոստիկանությունից մեզ խոստացան` հանգամանքները պարզելուց հետո ներկայացնել մանրամասներ: Հիշեցնենք, որ 23-ամյա Մերի Հովհաննիսյանը վերջերս հանդես է եկել «Սպարտակ» բալետի գլխավոր դերերից մեկում:

բախում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11-ն անց 40-ի սահմաններում Արարատ-Երեւան մարդատար գնացքը Ոստան գյուղի ուղեփակոցում հարվածել է 1996 թ. ծնված Ռազմիկ Ս.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Վթարի հետեւանքով, էլեկտրագնացքի վերջին վագոնը գծերից դուրս է եկել, իսկ Ռազմիկ Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ ու շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

 Էջ 7

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ 

Այսօր ու վաղը կայանալու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքում ի հայտ կգան փլեյ-օֆի բոլոր 16 մասնակիցները: 

Հետաքրքիր զուգադիպությամբ, այս տուրից առաջ բավական միանման ու ծանր իրավիճակում են հայտնվել իսպանական 2 գրանդ ակումբները` «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Այս թիմերը համարվում են ոչ միայն Իսպանիայի առաջնության հաղթողի իրական հավակնորդներ, այլեւ հաղթողի ամենաիրական թեկնածուներ են համարվում Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Սակայն «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», այս պահի դրությամբ, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 տուրերից հետո դեռ չեն վաստակել փլեյ-օֆում հանդես գալու իրավունք: Ավելին, իսպանական գերակումբների համար այսօր ու վաղը կարող են վերածվել իսկական մղձավանջի, ինչպիսին այս թիմի տերերը չէին կարող տեսնել նույնիսկ իրենց  ամենասարսափելի երազներում: Այսօր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է Մարսելի «Օլիմպիկին» ու, 3 գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում, դուրս կմնա հետագա պայքարից: Իր հերթին «Բարսելոնան» վաղը հյուրընկալվելու է Կիեւի «Դինամոյին» ու կրկին, ինչպես եւ «Ռեալը», 3 գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում, համարյա 99 տոկոսով կավարտի պայքարը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում (պետք է նաեւ, որ այս խմբում կայանալիք մյուս հանդիպումը` «Ինտեր»-«Ռուբին», ավարտվի կողմերից մեկի հաղթանակով): Իհարկե, իսպանական այդ ակումբների համար, առաջին հայացքից մի փոքր անհավանական է թվում իրադարձությունների այսպիսի, կարելի է ասել` ողբերգական ընթացքը: Բայց Լիգայի այս մրցաշրջանն արդեն իսկ ապացուցել է, որ լրջագույն անակնկալներ կարող են լինել: Մարսելի «Օլիմպիկը» վերջին շրջանում ուղղակի փայլուն խաղ է ցուցադրում ու սեփական խաղադաշտում կարող է, ի վիճակի է խոշոր հաշվով հաղթանակ տոնել «անկանխատեսելի» «Ռեալի» նկատմամբ: Իսպանիայի առաջնության վերջին տուրում Արքայական ակումբը սեփական հարկի տակ ուղղակի ինֆարկտի հասցրեց իր համակիրներին. առաջնության հետնապահներից մեկի` «Ալմերիայի» հետ խաղում, 2-րդ կեսի միջնամասում, «Ռեալը» 1:2 հաշվով պարտվում էր, ու միայն հանդիպման վերջնամասում մադրիդցիներին հաջողվեց 3 գնդակ խփել ու  ի վերջո` հաղթել 4:2 հաշվով: Ընդ որում, «Ալմերիան» իր պատմության ընթացքում առաջին անգամ կարողացավ 2 գոլ խփել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Նշեմ նաեւ, որ վնասվածքի պատճառով առայժմ հարցականի տակ է «Ռեալի» «ուղեղի»` Կակայի մասնակցությունը այսօր կայանալիք հանդիպմանը: Իսկ ահա «Բարսելոնան», չնայած Իսպանիայի առաջնությունում նման «կիքսեր» չի տալիս, բայց այս մրցաշրջանում իր միակ պարտությունը կրել է  ետխորհրդային երկրներից մեկի` Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինից»: Իսկ վաղը «Բարսելոնան» մրցելու է արդեն ետխորհրդային մեկ այլ երկրի` Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» հետ: Հանդիպումը կայանալու է Կիեւում, որտեղ այս տարի դինամոյականները դեռ չեն պարտվել: Գումարենք սրան նաեւ ուկրաինական ցուրտը, խաղադաշտի վատ որակը. կարծում եմ` «Բարսելոնայի» համար էլ հեշտ չի լինելու: Ավելացնեմ նաեւ, որ երեկ, Փարիզում տեղակայված «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի գրասենյակում, տեղի է ունեցել Լիոնել Մեսսիին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունը (նկարում): Այնպես որ, Կիեւի «Դինամոյի» հետ հանդիպումը Մեսսիի համար առաջինը կլինի` այդ մրցանակը ստանալուց հետո: Իսկ ընդհանուր առմամբ, այսօր կայանալիք հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում «Յուվենտուս»-«Բավարիա» եւ «Բեշիքթաշ»-«ԲԿՄԱ» հանդիպումները: Առաջին հանդիպման ժամանակ, խմբային փուլից դուրս գալու համար գերմանական ակումբին միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ, իսկ ահա Ստամբուլում հաղթանակ տոնելու դեպքում «Բեշիքթաշը» իրավունք կստանա ելույթները շարունակել Եվրոպայի լիգայում, իսկ ռուսական թիմը կհայտնվի 4-րդ տեղում: Հետաքրքիր է, որ ԲԿՄԱ-ն կարող է նաեւ նվաճել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում հանդես գալու ուղեգիր. դրա համար անհրաժեշտ է, որ այս թիմը վերջին տուրում ավելի շատ միավոր վաստակի, քան նրա հիմնական մրցակիցը` գերմանական «Վոլֆսբուրգը», որը հյուրընկալելու է արդեն ուղեգիր նվաճած «Մանչեսթեր Յունայթեդին»:

ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

................................ 

գավաթակիրներ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կայացած ուշուի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 3 ոսկե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել 4 ուշուիստներ: Բրազիլիայում ոսկե մեդալների են արժանացել Գարիկ Թեւանյանը (48 կգ)« Կարեն Սահակյանը (56 կգ)« ով եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մարզիկի« եւ Հարություն Սիմոնյանը (70 կգ): Իսկ ահա 65 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Սասուն Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը 2¬րդ փուլից հետո:  Այս ստուգատեսին մասնակցում էին աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրաված մարզիկները: Հայաստանցի ուշուիստները Կանադայում անցկացված աշխարհի առաջնությանը չէին մասնակցել« քանի որ կազմակերպիչ երկրի վիզաներ չէին կարողացել ստանալ« ուստի, բացառության կարգով, մեր մարզիկներին թույլատրվել էր մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը:

լավագույնը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բուլղարիայի ազգային հավաքականի հարձակվող Դիմիտար Բերբատովը արժանացել է իր երկրի «տարվա մարդ» մրցանակին: Ֆուտբոլիստը, «օնլայն» քվեարկության արդյունքում, այս մրցանակի համար պայքարում առաջ է անցել Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովիչից եւ աշխարհի չեմպիոն« բռնցքամարտիկ Դետելին Դելալկիեւից: Ի դեպ« 1994 եւ 2003 թթ© այս մրցանակը բաժին է հասել մեկ այլ բուլղարացի ֆուտբոլիստի` Խրիստո Ստոիչկովին:  

................................  

նոր ճգնաժամի սպասումով

Միջազգային ֆինանսական շուկաները, «շունչները պահած», սպասում են հավանական նոր փլուզման, որը կարող է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի սկիզբը դնել: Բանն այն է, որ Դուբայի պետական «Dubai World» ներդրումային ընկերությունը նոյեմբերի վերջին դիմել էր արտասահմանյան վարկատուներին` խնդրելով մինչեւ մայիսի 30-ը հետաձգել 59 միլիարդ դոլարի պարտքերի տոկոսների (3 միլիարդ 650 միլիոն դոլար)` դեկտեմբերի 14-ին նախատեսված վճարումները: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ վարկատուները հրաժարվում են համաձայնել պարտքերի վճարումը հետաձգելու առաջարկին: Սա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի 14-ին «Dubai World»-ը, որը, ի դեպ, աշխարհում ամենամեծ ներդրումային ընկերությունն է համարվում, ավտոմատ կերպով սնանկ է ճանաչվելու: Իսկ այդ հանգամանքն էլ, իր հերթին, սպառնում է նոր հուժկու ցնցում առաջացնել համաշխարհային ֆոնդային շուկաներում: Դեռ նոյեմբերի 26-ին, երբ Դուբայի էմիրության իշխանությունները ընդամենը հայտարարեցին, որ «Dubai World»-ը ի վիճակի չէ վճարել տոկոսները, հաջորդ օրն իսկ ասիական, ապա` եվրոպական ու ամերիկյան ֆոնդային բորսաներում իսկական խուճապ սկսվեց, ինչը հանգեցրեց փլուզման:

Այսպիսով, մինչ վերջերս շինարարական բումի կենտրոն հանդիսացող Դուբայը, որը նույնիսկ ճգնաժամի պայմաններում «կայուն օազիս էր» համարվում,  այժմ օր օրի մոտենում է սնանկ հայտարարվելու պահին: «Dubai World»-ի սնանկ ճանաչվելու դեպքում համաշխարհային ֆինանսական համակարգը, փորձագետների պնդմամբ, նոր մեծ հարված կստանա, քանի որ համաշխարհային առաջատար բանկերը ահռելի ներդրումներ են կատարել Դուբայում իրականացված` մեկը մյուսից հավակնոտ նախագծերում:

հայաստանցիները` առաջատա՞ր

Ռուսաստանի Արդարադատության նախարարության կողմից երեկ հրապարակված տվյալների համաձայն, 2009 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի տարածքում ՌԴ եւ այլ պետության քաղաքացիների միջեւ 29 հազար 317 ամուսնություն է պաշտոնապես գրանցվել: Ըստ այդմ, նշված թվով «միջազգային» ամուսնություններից 4 հազար 144-ը գրանցվել է Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների միջեւ: Այս ցուցանիշով հայաստանցիները «միջազգային» ամուսնությունների ցուցակում երկրորդ տեղում են: Առաջին տեղում ուկրաինացիներն են` 7 հազար 298 ամուսնություն: Երրորդ տեղում գտնվող տաջիկստանցիներից մի փոքր ետ են մնում Ադրբեջանի քաղաքացիները: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի եւ ՌԴ քաղաքացիների միջեւ 3 հազար 33 ամուսնություն է գրանցվել: Վրաստանի եւ ՌԴ քաղաքացիների միջեւ ամուսնությունները խիստ նվազել են` ընդամենը 431 գրանցում: Ռուսաստանցիների հետ ԱՊՀ երկրների շարքում ամենաքիչը ամուսնացել են Թուրքմենստանի քաղաքացիները` 13 ամուսնություն, իսկ ընդհանուր վերցրած` Չեխիայի քաղաքացիները` ընդամենը 12 ամուսնություն:

Ինչեւէ, պետք է նկատի առնել, որ «միջազգային» ամուսնությունների նման առատության պատճառը ՌԴ քաղաքացիություն ստանալու ձգտումն է: Եւ եթե նկատի առնենք, որ Ուկրաինայի բնակչությունը Հայաստանի բնակչությունից մոտ 16 անգամ ավելի է, ապա կարելի է ասել, որ հայաստանցիներն այդ ձգտումով առաջատարն են: Սրան գումարած` քիչ չեն նաեւ ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Ռուսաստան մեկնած այն քաղաքացիները, որոնք «մնալու տեղ ունենալու» նպատակով «քաղաքացիական ամուսնությունների» են ձգտում ՌԴ քաղաքացուհիների հետ:

հայաստանցիները` Թուրքիայում

Վերջերս «Eurasia Partnership Foundation»-ի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներից պարզվել է, որ ներկայումս Թուրքիայում ապրում է Հայաստանի 12-13 հազար քաղաքացի: Նույն հետազոտության արդյունքներից պարզվել է, որ 2000-2008 թվականներին Հայաստանից Թուրքիա մեկնածներից 6 հազար հոգի այլեւ չի վերադարձել հայրենիք: Թուրքիայում ծնված հայ երեխաները ոչ մի տեղ չեն գրանցվել, եւ նրանց ծնվելը հաստատող ոչ մի վկայական չկա: Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների 94 տոկոսը կանայք են, որոնց մեծ մասն այդ երկիր է ժամանել առանց իրենց ամուսինների: Կանանց մեծ մասը զբաղվում է առեւտրով, իսկ մի զգալի մասն էլ աշխատում է որպես դայակ կամ մատուցողուհի:  Հայտնի է նաեւ, որ Թուրքիայից անօրինական հիմունքներով աշխատող ՀՀ շատ քիչ թվով քաղաքացիներ են արտաքսվել. հիմնականում նրանք, ովքեր մասնակից են եղել ինչ-որ հանցագործության:

Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քանիցս հայտարարել են, որ Թուրքիայում ներկայումս Հայաստանից ժամանած 70 հազարից ավելի աշխատանքային միգրանտ կա:

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

 Էջ 8

ԲԱՆՈՒՉՅԱՆԸ ԽՈՐԸ ՑԱՎ Է ԱՊՐՈՒՄ, ԲԱՅՑ... 

Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավարությունը:  

2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Վայոց ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի համակարգող Արշակ Բանուչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց 2008-ի հուլիսից: «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Բանուչյանին սկսեցին մեղադրել, ապա կալանավորեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  (վատնում) եւ 205-րդ հոդվածի առաջին մասի (հարկերից խուսափում) մեղադրանքով: Երեկ Բանուչյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը առարկություններ ներկայացրեց դատախազի պահանջած 4.5 տարի ազատազրկման վերաբերյալ` ապացուցելով, որ Բանուչյանը իրականում քաղաքական հալածյալ է: «Վատնումի մասով այս գործում հանցակազմ չկա ընդհանրապես. եթե անունը դրել են «վատնում», կարող էին դնել «ավազակային հարձակում», «սպանություն»: Նույնն է: Այսինքն` տեղի ունեցածը եւ դրա հիմնավորումը տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է հարկերից խուսափելուն, ապա որպեսզի այդ վարկածը աշխատի, պետք է հիմնավորեն, որ վեճի առարկա գույքը ձեռք է բերել այդ ընկերությունը: Չկա նման բան»,- ասաց Աթանեսյանը: Երեկ, հրաժարվելով պաշտպանական ճառից, Բանուչյանը դատարանում հանդես եկավ վերջին խոսքով, որում հիմնավորեց իր` քաղաքական հալածյալ լինելու փաստը եւ դատավոր Գագիկ Պողոսյանին առաջարկեց` վճիռ կայացնելիս առաջնորդվել խղճով եւ օրենքով:

«Ինչպես դատավարության հենց սկզբում եւ ընթացքում, այնպես էլ` նախաքննության ժամանակ, ես հայտարարել եմ, որ սույն քրեական գործը քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների, քաղաքացիական դիրքորոշման համար, որը սանձազերծվեց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ հետո` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, համակիրների, նախընտրական շտաբի անդամների եւ ակտիվիստների, վստահված անձանց եւ պարզապես ընտրություններին ակտիվորեն մասնակցած քաղաքացիների նկատմամբ: Սահմանադրության եւ գործող օրենքների կոպիտ խախտումներով անցկացված եւ կեղծված ընտրություններին ի պատասխան, իր սահմանադրական իրավունքները վերականգնելու համար ոտքի կանգնած հայ ժողովուրդը միայնումիայն մեկ բան էր տենչում` տեր կանգնել իր իրավունքներին, իր հայրենիքին, իր երկրին ու նրա ապագային: Հատկապես մարտիմեկյան սպանդից հետո սանձազերծված հետապնդումների ու ահաբեկումների թիրախ դարձան հազարավոր ՀՀ քաղաքացիներ: Հարյուրավորներն ապօրինաբար, կեղծ մեղադրանքներով ձերբակալվեցին եւ բանտեր նետվեցին: Այսօր նրանցից տասնհինգը դեռ գտնվում են անազատության մեջ»,- ասաց Բանուչյանը: Շարունակելով` նա նկարագրեց իր հետ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները, ապա գնահատեց մեղադրող կողմի ճառը. «Մեղադրական ճառը հեռու է արդարադատության համար հիմք լինելուց: Այս տողերը թե՛ գրելիս եւ թե՛ ընթերցելիս խորը ցավ եմ ապրում: Մի՞թե այսպիսի Հայաստան էինք երազում մենք, մի՞թե պետության շահի այսպիսի պաշտպանների ենք մենք արժանի: Պետության հիմնարար արժեքը նրա քաղաքացին է, Մարդը: Մարդկանց ազատ խոսքից, մտածելու եւ արտահայտվելու, ստեղծագործելու եւ ինքնադրսեւորվելու իրավունքից ու ազատություններից զրկում ու հալածում են այն պետությունների իշխանությունները, որոնք կամ օտար են տվյալ ժողովրդի համար, կամ վախենում են սեփական ժողովրդից: Այդպիսի պետությունները կոչվում են բռնապետություն, իսկ նրանց իշխանությունները` բռնապետական: Իմ համոզմամբ` բռնապետությունը մարդկության նկատմամբ հանցանքի դրսեւորումներից մեկն է: Այն զրկում է մարդուն հայրենիքից, սեփական երկրից, սեփական երկրում ազատորեն արարելու, արտահայտվելու, ստեղծագործելու, արժանապատվորեն ապրելու եւ իր արարման բարիքներից օգտվելու իրավունքից: Այդպիսի երկրում մարդն իրեն ավելորդ է զգում, ստիպված` լքում է այն: Քաղաքացին դառնում է «բատրակ» կամ լավագույն դեպքում` սոսկ բնակիչ: Մարդն իր էությամբ կատարելության ձգտող էակ է: Եթե չկա այդպիսի ձգտում, ուրեմն բացակայում է «Մարդը», եւ գոյատեւում է բնազդներով ապրող կենդանին: Ճիշտ այդպես` իդեալական հասարակություն կոչվածը անհասանելի հասկացություն է: Այդպիսին միայն Երկնքի արքայությունն է: Սակայն եթե իդեալական հասարակության ձգտում չկա, ուրեմն չկա հասարակություն, այլ միայն` խառնամբոխ: Հայ ժողովուրդը հնագույն քաղաքակրթության ժառանգորդն ու կրողն է: Իր հարյուրամյակների մաքառումներով նա վաստակել է քաղաքակիրթ հասարակություն եւ ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը: Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը, բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, ոտնահարված արժանապատվությունը վերագտնելն ու հավաքական-քաղաքացիական գիտակցությունը հարգելը կենսական ու հրատապ են, քանի որ արտաքին վտանգներին դիմակայելու ուժը, կամքն ու կարողությունը, մեր երկրի անկախության ու հարատեւության երաշխավորը նրա սահմանադրականության, օրինականության մեջ է, նրա ժողովրդի քաղաքացիական գիտակցության մեջ է: Հանուն այդ նպատակի` թե՛ ես, թե՛ իմ ընկերները երբեք չենք ընկրկել, եւ հալածանքներն ու զրկանքները կրել ենք պատվով: Հավարտ խոսքիս, ես մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում, եւ ինձ ներկայացված սույն քրեական գործը համարում եմ քաղաքական հայացքների համար հետապնդում: Ձեզ, հարգելի դատարան, կոչ եմ անում` վճիռ կայացնելիս խորությամբ գիտակցել, որ Դուք հանդես եք գալիս Հայաստանի Հանրապետության անունից եւ ի շահ` Հայաստանի Հանրապետության: Չեմ կասկածում Ձեր մասնագիտական կարողություններին, բայց ուզում եմ, որ Ձեր մեջ կամք եւ համարձակություն գտնեք, եւ վճիռը կայացնեք հանուն արդարության եւ Ձեր հոգու խաղաղության»,- խոսքն ավարտեց Մատենադարանի նախկին փոխտնօրենը: Դատավորը դեկտեմբերի 9-ին կհրապարակի դատավճիռը:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

................................  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Այսօր Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, կալանքից ազատելու եւ հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը:

Ըստ Մարդու իրավունքների հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Ի լրումն սահմանադրական այս նորմի, ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նույն օրենսգիրքը առաջադրված եւ գրանցված պատգամավորության թեկնածուի` կալանքի ձեւով ազատազրկումը նախատեսում է միմիայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Նիկոլ Փաշինյանը ս.թ. դեկտեմբերի 5-ին գրանցվել է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու` կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս լիապես օգտվել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր իրավունքներից: Այսինքն` իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ, կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը: Տվյալ դեպքում ցանկացած այլ մեկնաբանություն մտացածին է ու բռնազբոս: Այսպիսով, պաշտոնական ընտրարշավի հենց առաջին օրը իշխանությունն սկսում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ աղաղակող ապօրինությամբ:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ