|
|
|
Օրաթերթ
|
|
|
Նախագահական նստավայրից ստացված տեղեկությունների համաձայն` վերջին շրջանում կրկին ակտիվացել են հայտնի օլիգարխները` Նեմեց Ռուբոն, Ալյուր Լյովիկը, Լֆիկ Սամոն եւ այլք: Վերջիններս այս օրերին տարբեր հարցերով հաճախակի հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ եւ անպայման շոշափում քաղբանտարկյալների թեման: Նրանք Սերժ Սարգսյանին համոզում են հանկարծ բաց չթողնել քաղբանտարկյալներին ու իրենք իրենց կողմից ավելացնում, որ եվրոպացիների ճնշումները կարեւոր չեն, որ Սերժի համար կարեւորը իրենք են, որ իրենք սարի պես կանգնած են Սերժի կողքին եւ այլն: Օլիգարխները մտահոգված են, որ Սերժ Սարգսյանը, տարբեր հանգամանքների ճնշման տակ, հանկարծ կարող է մտքափոխվել: Բայց Սերժ Սարգսյանն ու հիշյալ օլիգարխները արդեն վաղուց նույն նավակում են, որը ավելի արագ կխորտակվի քաղբանտարկյալներին ազատելու պարագայում: Այնպես որ, ինչպես ասում են, Սերժը նրանց խորհրդի կարիքը չունի: ................................ ՑԵԹՌԻԿԻ ՎԱՐԿԱԾԸ ՊԱՏ Է ԾԱԿՈՒՄ Մոտավորապես ինը ամիս առաջ Համաժողովրդական շարժումը հրապարակեց մի տեսաերիզ, որում հստակ երեւում էր, թե ինչպես է քաղաքացիական հագուստով անհայտ անձը ոստիկանների ներկայությամբ զինվում Կալաշնիկովի ավտոմատով: Ժամկետին ուշադրություն դարձնում եք, չէ՞. այդ կադրերը հրապարակվել են ինը ամիս առաջ: Եւ ահա, ինն ամսվա «քրտնաջան» աշխատանքից հետո Հատուկ քննչական ծառայություն կոչվող մարմնի ներկայացուցիչը լուրջ տեսքով հայտարարում է, թե բացահայտել է այդ անձի ինքնությունը: Պաշտոնական վարկածը սա է. այդ անձը ՀՀ բանակի X զորամասի զինծառայող է, վարորդ: Ներքին զորքերը մարտի 1-ին բանակից ավտոմեքենաներ են խնդրել, այս վարորդը այդ մեքենաներից մեկի վարորդն է: Նրան ուղեկցել է ներքին զորքերի մի ծառայող, որը, ըստ կարգի, ավտոմատ է ունենում, եւ ահա այս ավտոմատավորը ցիստիտ ունի` Մաշտոցի պողոտա հասնելուց հետո գնացել է չիշիկ անելու, ու այս քաղաքացիական հագուստով անձին, որը հասկանալի չէ, թե ինչու է քաղաքացիական հագուստով` գտնվելով ծառայության մեջ, ահա այս անձին այն մեկը, որ ցիստիտ ունի, ասել է` ապե, մի հատ ավտոմատս չես պահի` էթամ շռեմ գամ: Ահա, ինն ամսվա քրտնաջան եւ պրոֆեսիոնալ քննության արդյունքում պարզվել է առեղծվածը: Բայց սա միայն սկիզբն է. ինչպես հայտնի է, նշված անձը տեսաերիզներում առկա քաղաքացիական հագուստով միակ ավտոմատավորը չէ, եւ պետք է նկատել, որ Հատուկ քննչական ծառայությունը, նշված վարկածը առաջ քաշելով, փաստորեն փաթեթով լուծել է քաղաքացիական հագուստով բոլոր ավտոմատավորների հարցը: Հասկացաք, չէ՞. քանի որ ներքին զորքերի ավտոմատավորը ցիստիտ ունի ու հաճախակի միզելու հիվանդագին, բայց բնական անհրաժեշտություն, ահա այս ցիստիտավորը մարտի 1-ին տարբեր մարդկանց է մոտեցել եւ նրանց դիմել նույն խնդրանքով. ապե, մի հատ ավտոմատս չես պահի՞, էթամ շռեմ, գամ: Այնպես որ, եթե դուք մարտի 1-ի կադրերում քաղաքացիական հագուստով ավտոմատավոր տեսնեք, ուրեմն իմացեք` ցեթռիկի զոհերն են: Այդ օրը ցեթռիկը մոտ 100, 200 անգամ, դե` ցիստիտի բերումով, գնացել է բնական կարիքները հոգալու եւ ամեն անգամ Կալաշնիկովի ավտոմատը պահ է տվել ինչ-որ մեկի, բնականաբար` տարբեր մարդկանց: Սա էլ բացատրվում է պարզ մարդկային ամոթով. եթե ամեն անգամ նույն մարդուն տար ավտոմատը, այդ մարդը կկռահեր, որ էս մեր ներքին զորքերի ծառայող ընկերը ցեթռիկ է: Դե, ինքներդ եք հասկանում, էլի. մարդը անհարմար է զգացել: Բայց մեր հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանից ոչինչ չես թաքցնի, եւ նա, գործելով Դաբլյու Աղվանի հմուտ ղեկավարության ներքո, ի հեճուկս ընդդիմության, բացահայտել է ներքին զորքերի զինծառայողի ցեթռիկության փաստը, եւ այս մասին Դաբլյու Աղվանը հրատապ տեղեկանք է հղել ԵԽ` դրան կցելով ցիստիտի մասին այս պահին գիտությանը հայտնի ողջ տեղեկատվությունը: Բայց ախր սա միակ խնդիրը չէ, որ լուծել է W Աղվանը: Հասկացաք, չէ՞. ընդդիմության մարտի 1-ի տեսաերիզում արձանագրված են ՊՆ համարանիշերով բազմաթիվ մեքենաներ, որոնք Երեւանի կենտրոնում կայանած են օրը ցերեկով: Ցեթռիկի վարկածով ձեռի հետ էս հարցն էլ են լուծում, էլի. ասվեց արդեն` ներքին զորքերը մեքենաներ են խնդրել բանակից: Իհարկե, հարց է ծագում. իսկ ներքին զորքերի մեքենաները ո՞ւր էին, որ բանակից էին մեքենա խնդրում: Արա դե չեք հասկանո՞ւմ` այս մասով նախաքննությունը շարունակվում է: Բայց մենք արդեն ունենք նախնական տեղեկություններ. ըստ այդմ, ներքին զորքերի գարաժի պետի հորոխպոր տղեն էդ օրը Կրասնայարսկից թռնում էր Երեւան, ու էս գարաժի պետը գնացած ա լինում այրապորտ` նրան դիմավորելու: Հա: Բայց սամալյոտը ապազդանի ա տալիս, իսկ ներքին զորքերի գարաժի բանալին էս պետի գրպանում ա լինում: Հեռախոսն էլ մոմենտի տակ անհասանելի ա լինում, կամ էլ համարը նոր ա փոխած լինում: Ու ստիպված... ստիպված ներքին զորքերը զանգում են բանակին, ասում են` ապե, վիզ ավտո ա պետք, էլի: Հասկացաք, չէ՞: Ինչ վերաբերում է հրապարակի զրահամեքենաներին: Հա, ուրեմն. Գասպարյան Վովայի ավտոն տարած են լինում մոյկա, էդ մոմենտին կառավարությունից կանչում են Վովային: Սա էլ խառնվում ա իրար, տղերքը ասում են` շեֆ, ավտոն մոյկայում է: Իսկ Վլադիմիր Գասպարյանը հարց է տալիս. «Մի՞թե բացի սպարտիվնի «Մերսեդեսից», որեւէ ուրիշ փոխադրամիջոց չկա այս անիծյալ զորամասում»: Դե տղերքն են` ասում են` մենակ բե-տե-էռ: Վովան ստիպված, ստիպված` բե-տե-էռ-ով ա գալիս կառավարություն: Էս մի՛ բե-տե-էռը, ախպեր ջան, մնացածն էլ դե` ախրանան ա, էլի: Պարզ է, չէ՞, հարցեր չկան, չէ՞: Սա է ճշմարտությունը մարտի 1-ի մասին: Հա, չմոռանանք ամենակարեւորը. ցեթռիկի ավտոմատից կրակ չի արձակվել: Սա նույնպես պարզել է Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ ո՞նց են պարզել, որ այդ ավտոմատը հենց այն ավտոմատն է, որ պատկերված է մարտի 1-ի օրիգինալ կադրերում: Այս հարցը պարզելը, բնականաբար, ամենահեշտն է եղել. մի գրություն ես ուղարկում ներքին զորքեր, իրենք էլ մի տեղեկանք են ուղարկում, որ իրենց ավտոմատից ոչ մի կրակոց չի արձակվել: Իսկ եթե բացի տեղեկանքից` ավտոմատն էլ պետք է փորձաքննության ենթարկվի` շեֆի սեյֆում մի հատ մաքուրը կա, էլի: Էս վերջին մասը` մեր մեջ: Շուխուր չենք անում: Հ.Գ. Ներքին զորքերի` Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովող գնդի տղերքը նույնպես ցիստիտ կպած են եղել: Մարտի 1-ին տեսաերիզում պատկերված քաղաքացիական հագուստով նույն այդ անձը ցեթռիկի ավտոմատը պահելուց հետո ՊՆ համարներով ավտոն քշած է եղել Մեծամոր` հոր ընկերոջ տղու բաջանաղի մորքուրի փեսուն տենալու: Ու էն մոմենտին, երբ ատոմակայանի մոտով անցնելիս է եղել, ատոմակայանի անվտանգությունն ապահովող տղերքը նրա ավտոն կանգնեցրել են ու ասել են` ապե, մի հատ ատոմակայանին չես նայի, էթանք շռենք, գանք: Այսպիսով` ՀՀ ոստիկանության վերը նշված ծառայողները մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ուղարկվել են ցիստիտի դեմ հարկադիր բուժման: Ահա այսպիսի նախաքննություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ................................ հուլիսի՞ն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Երեւանում հայտարարել է, թե միանգամայն հնարավոր է` մինչեւ ամառ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիր ստորագրվի: Բրայզան այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Ամերիկացի համանախագահը նույնիսկ կոնկրետ ժամկետ է նշել. «Գոյություն ունի իրական հնարավորություն, որ կողմերը այս տարվա ամռանը` հունիսին, ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիրը»,- հայտարարել է Բրայզան: Ի դեպ, վերջինս, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ Երեւանում էր գտնվում ԼՂ հարցով բանակցությունների համար, երեկ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի հետ եւ քննարկել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության եւ իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցերը: ................................ բաբա՛խ... եւ վերջ Գագիկ Ջհանգիրյանի գործով երեկվա դատական նիստում հարցաքննվելիս ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը ընդունել է, որ առանց հիմքերի է հրահանգել բերման ենթարկել գլխավոր դատախազի տեղակալին: Սկզբում Բաբակեխյանն ասել է, որ զենք կրելու համար է 2008-ի փետրվարի 23-ին հրահանգել Ջհանգիրյանին բերման ենթարկել: Քիչ անց պարզվել է, որ բերման ենթարկողները չեն ստուգել Ջհանգիրյանի մոտ զենքի առկայությունը: Հետո ասել է, որ բերման են ենթարկել դիմադրության համար, քիչ անց խոստովանել է, որ Ջհանգիրյանը դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, այդ ժամանակ, որպեսզի Բաբակեխյանն իրավունք ունենար Ջհանգիրյանին բերման ենթարկելու հրահանգ տալ, նա պետք է ստանար ՀՀ գլխավոր դատախազի համաձայնությունը: Նման համաձայնություն «6-րդ» վարչության պետը չի ունեցել եւ ոչ էլ փորձել է ստանալ: ................................ 44-րդն ու առաջինը Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի պաշտոնամուտի արարողությունը: Այդպիսով նա անցել է իր պարտականությունների կատարմանը` դառնալով ԱՄՆ 44-րդ եւ միաժամանակ` առաջին սեւամորթ նախագահը: Արարողության ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն գտնվում է պատերազմի ու ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, եւ ամերիկացիներին կոչ արել համախմբվել ու միասին հաղթահարել այդ ամենը:
ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՄԱՀՃԻ ՇՈՒՐՋ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը թեթեւ արդյունաբերության խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցության մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այդ հանդիպմանը «մասնակցել են արդյունաբերության վերոնշյալ ճյուղի ձեռնարկությունների եւ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ»: Ըստ հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը գործարարներին հիշեցրել է բիզնես ծրագրեր ուսումնասիրող` իր կողմից ստեղծված օպերատիվ շտաբի մասին, ասել է, որ եթե լավ առաջարկներ լինեն, պետությունը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի եւ այլն: Ու այսպես քննարկել-քննարկել են, ու Տիգրան Սարգսյանը ամփոփել է հանդիպումը. «Հայաստանը ժամանակին ունեցել է հզոր թեթեւ արդյունաբերություն, ավանդույթներ, ձեւավորված շուկաներ: Այժմ այն ծանր վիճակում է, եւ մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ներուժ է մնացել այդ ճյուղում, ներուժի վրա որքանով է հնարավոր զարգացում ապահովել»,- ասել է ՀՀ վարչապետը: Այլ պայմաններում որեւէ երկրի վարչապետի նման արտահայտությունը որեւէ ուշադրության, թերեւս, չարժանանար: Սակայն մեր երկրի ու մեր վարչապետի պարագայում այս միտքը, մեղմ ասած, ուշագրավ է` չափազանց ուշագրավ: Մեջբերենք նույն վարչապետի` մի քանի շաբաթ առաջ արտահայտած մի փայլուն միտք. «Շատերը երազում են այն օրերի մասին, որ մենք պետք է... արտադրենք այնպիսի ապրանքներ, ինչպիսին որ արտադրում է Չինաստանը, Հնդկաստանը: Կարծում եմ` բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա մեզ համար ապագա չէ»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: Հիմա համադրենք նրա արտահայտած այս երկու մտքերը եւ տեսնենք, թե որն է եղել երեկ հրավիրված խորհրդակցության իմաստն ու նպատակը: Մի քանի շաբաթ առաջ նա հայտարարում է, որ մեզ համար ապագա չէ արտադրել այն, ինչ արտադրվում է Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ երեկ արդեն խորհրդակցություն է անցկացնում` հասկանալու համար, թե ինչ հեռանկարներ ունի մեր թեթեւ արդյունաբերությունը: Եթե սրան ավելացնենք այն, որ Չինաստանում եւ Հնդկաստանում արտադրվում է թեթեւ արդյունաբերության ապրանքների ամբողջ սպեկտրը` սկսած գուլպաներից եւ ավարտած կրծկալներով, ապա պարզ կդառնա, որ երեկվա խորհրդակցությունը ընդամենը հարազատների հավաքն էր Հայաստանի մահամերձ թեթեւ արդյունաբերության մահճի շուրջ: Եւ հարազատները ընդամենը քննարկում են մահամերձի ցավերը թեթեւացնելու եւ հուղարկավորությունը կազմակերպելու տեխնիկական խնդիրները: Ցավոք, չեն քննարկվում, թե որն էր ի վերջո մեր թեթեւ արդյունաբերության դանդաղ մահվան պատճառը` բնակա՞ն է, թե նրան սպանեցին: Պարզվում է, որ նրան սպանել են դանդաղ թունավորման միջոցով: Եւ դա դժվար չէ ապացուցել: Մեր պաշտոնական վիճակագրությունը չի վարում թեթեւ արդյունաբերության` որպես տնտեսության առանձին ճյուղի վիճակագրություն: Մահվան պատճառները ուսումնասիրելու համար կվերցնենք այդ ճյուղի ամենածավալուն` մանածագործության ոլորտը: Քանի որ Տիգրան Սարգսյանը երեկվա քննարկման ժամանակ խոսել է համաշխարհային շուկաների մասին, ապա ուսումնասիրենք մանածագործության արտադրանքի արտահանման եւ ներմուծման թվերը վերջին տարիներին: 2004-ին մեր մանածագործության գործերը հեչ վատ չէին` չնայած Չինաստանն ու Հնդկաստանը նույնքան հզոր էին այդ առումով, որքան հիմա: Այդ տարի նախորդ տարվա համեմատ մեր մանածագործական արտադրանքի արտահանումը աճել էր 39 տոկոսով: Տպավորիչ աճ է: Սակայն հենց այդ տարվա վերջից դրամը սկսեց արժեւորվել, եւ արդեն հաջորդ տարի` 2005-ին, արտահանումը նվազեց 16 տոկոսով, 2006-ին` եւս 6 տոկոսով, 2007-ին նվազումը կազմեց 1 տոկոս: 2006-ին նույն մանածագործական արտադրանքի ներմուծումը Հայաստան կազմել է 28 տոկոս, 2007-ին` 12 տոկոս: 2008-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: Առաջին 11 ամիսների արդյունքներով կա արտահանման աճ` 13 տոկոսով, բայց միեւնույն ժամանակ` ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է 2,4 անգամ: Այսպիսով կարելի է արձանագրել, որ դրամի արժեւորման ընթացքին զուգահեռ մանածագործական արտադրանքը Հայաստանում տպավորիչ տեմպերով փոխարինվել է ներմուծմամբ, այսինքն` մեր մանածագործությունը կորցրել է իր մրցունակությունը ոչ միայն համաշխարհային շուկայում, այլ նաեւ մեր ներքին շուկայում: Մի խոսքով, նույնիսկ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` դրամի արժեւորումը հանգեցրել է մանածագործության անկմանը Հայաստանում: Իսկ հիմա հիշենք, թե ինչպես տեղի ունեցավ դրամի արժեւորումը, եւ ով էր կանգնած դրա ակունքներում: Իհարկե` ներկայիս վարչապետ Տ. Սարգսյանը, որը այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էր եւ դրամի արժեւորման ջատագովը: Այլ կերպ ասած` այդ նա է դանդաղ թունավորել մեր այսօրվա մահամերձին եւ այժմ կանգնած է նրա մահճի մոտ ու հուղարկավորության կազմակերպմամբ է զբաղված: Նույնը տեղի է ունեցել մեր տնտեսության մյուս ոլորտների հետ: Այնպես որ` առաջիկայում Տիգրան Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը գերհագեցած է լինելու` մի մահամերձի տնից նա շտապելու մյուս մահամերձի տուն. մի հուղարկավորությունը կազմակերպելուց հետո պետք է շտապել մյուս հուղարկավորությունը կազմակերպելու: Բայց որպեսզի անակնկալներ չլինեն, նա պետք է պարբերաբար մեկնի Չինաստան եւ Հնդկաստան` ճշտելու համար, թե ինչ են արտադրում այնտեղ, որպեսզի գա Հայաստան ու այդ արտադրանքի թողարկումն արգելի: ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ................................ այս անգամ` «ՌՈՍԻԱՆ» Տոնավաճառներում նախօրեին սկսված գործադուլը, որով աշխատակիցները կառավարությունից պահանջում էին չեղյալ համարել տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու որոշումը, շարունակվել է նաեւ երեկ: Երեկ, սակայն, գործադուլ էին անում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները, որոնք նախօրեին չէին միացել Երեւանի մի քանի այլ տոնավաճառների աշխատողների բողոքի ակցիային, իսկ երեկ իրենք էին հավաքվել կառավարության շենքի մոտ եւ կրկին բողոքում էին ՀԴՄ-ների տեղադրման որոշման դեմ: Ինչ վերաբերում է «Մալաթիա», «Հրազդան» տոնավաճառների աշխատակիցներին եւ այն հարցին, թե նրանք ինչու երեկ չէին շարունակում իրենց բողոքի ակցիան, ապա ինչպես երեկ պարզեցինք մասնավորապես «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների հետ զրույցներից, նրանք որոշել են գործադուլը շարունակել հինգշաբթի` կառավարության նիստի օրը: «Երեկ մտանք տոնավաճառ, քննարկեցինք, որոշեցինք, որ մեզ այսօր էլ չեն ընդունի, քանի որ մեզ ասելիք չունեն, զանգահարեցինք «Հրազդան» տոնավաճառի մեր ծանոթներին եւ միասին որոշեցինք, որ որպեսզի իզուր տեղը տեղի գումար չվճարենք եւ մեզ էլ չընդունեն, ավելի հարմար է հավաքվել նիստի օրը, որ վարչապետն ու նախարարները այնտեղ լինեն: Թող չիմանան, որ մենք համակերպվեցինք, մենք շարունակելու ենք պայքարել»,- իրենց որոշման մասին հայտնեցին տոնավաճառի աշխատակիցները: մեկ շաբաթից Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, թե հնարավոր է` վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու որոշումը, սակայն, պետք է կայացվի կուսակցության խորհրդում: Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա տասնօրյակում տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում որոշվելու է խորհրդի նիստի օրը: Ի դեպ, խորհրդի նիստը հրավիրվելու է հատուկ մանդատների հարցի քննարկման համար: Մեր այն հարցին, թե մանդատները վայր դնելու կապակցությամբ որ կարծիքն է գերիշխում կուսակցությունում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երկու կարծիքն էլ կա, տեսնենք, թե որը կգերիշխի»: Անձամբ իր կարծիքը Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ ասել: Ըստ նրա, քանի որ ինքը վարչության անդամ է, իր կարծիքը հիմա արտահայտելը կարող է կողմնորոշող լինել: ԵԽ-ում` ներկայացուցիչ Ինչպես մեզ հայտնի դարձավ երեկ, Հայ ազգային կոնգրեսում որոշում է կայացվել, որ այսուհետ Կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամ, քաղաքագետ Արման Գրիգորյանը իրականացնելու է նաեւ ԵԽ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի պարտականությունները: Նշանակումը, բնականաբար, ոչ թե պաշտոնական, այլ ավելի շատ աշխատանքային բնույթ է կրում: ................................ թողնում են աշնանը Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, իշխանական վերնախավում որոշում է կայացվել Երեւանի քաղաքապետի ընտրությունները նշանակել աշնանը: Հիշեցնենք, որ այդ ընտրությունը Սահմանադրության պահանջով արդեն իսկ պետք է անցկացված լիներ: Բայց քաղաքական այս լարված իրավիճակում քաղաքապետի ընտրությունների նշանակման հարցը շարունակ ձգձգվում է, ինչպես որ խորհրդարանում ձգձգվում էր Երեւանի մասին օրենսդրական փաթեթի ընդունումը: Այժմ, երբ Ազգային ժողովն արդեն ընդունել է համապատասխան փաթեթը, քաղաքապետի ընտրությունները կարող էին նշանակվել գարնանը: Բայց, փաստորեն, գարնանը իշխանությունների համար, ինչպես ասում են ռուսները, լինելու է «նե դա էտըվը»:
ՀՀ-Ն` ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹՈՒՅԼ ԴԻՐՔԵՐՈՎ Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի վերջին Դավոսում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Համանախագահները նախօրեից սկսել էին իրենց տարածաշրջանային այցը եւ արդեն Բաքվում հայտարարել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր համաձայնությունն է տվել Դավոսի հանդիպմանը, եւ եթե Սերժ Սարգսյանը նույնպես համաձայնի, հանդիպումը կկայանա: Երեկ Ս. Սարգսյանը, փաստորեն, տվել է իր համաձայնությունը: Դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն, ադրբեջանական կողմը արդեն իսկ շրջանառության մեջ էր դրել հունվարի 28-ին Դավոսում նման հանդիպման կայացման հավանականության մասին տեղեկատվությունը, ինչը պաշտոնական Երեւանը, ՀՀ նախագահի խոսնակի եւ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատարի միջոցով, մինչեւ վերջին պահը հերքում էր: Իշխանության այս երկու խոսափողները հայտարարում էին, որ նման հանդիպման վերաբերյալ համաձայնություն գոյություն չունի, եւ ընդհանրապես` ԼՂ հարցով նախագահական մակարդակով հաջորդ հանդիպման ժամկետներ եւ վայր հայտնի չեն: Այնուամենայնիվ, ինչպես միշտ, ադրբեջանական կողմը ճիշտ դուրս եկավ, եւ ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա հենց հունվարի 28-ին` Դավոսում: Իսկ հունվարի 27-ին, ինչպես հայտնի է, Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ քննարկման է դրվելու ՀՀ կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը, եւ ինչպես նշված է նստաշրջանի օրակարգի նախագծում, քվեարկության է դրվելու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին ընդունված բանաձեւի նախագիծը, որտեղ արձանագրված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, եւ որով առաջարկվում է ՀՀ նկատմամբ պատժամիջոց կիրառել` պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու տեսքով: Այն, որ նշյալ բանաձեւի ընդունումն ու Դավոսում ԼՂ հարցով կայանալիք բանակցությունները ուղղակիորեն փոխկապակցված են, կասկածից վեր է: Եւ այս փոխկապակցվածությունը ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին ՀՀ իշխանությունների հանդեպ ճնշումներ գործադրելու անսպառ հնարավորություն է տալիս: Այսինքն` առանձնապես կարեւոր էլ չէ, թե հունվարի 27-ին ինչպիսի որոշում կկայացվի ԵԽԽՎ-ում, քանի որ եթե այս հարցում ՀՀ իշխանությունների եւ միջազգային հանրության միջեւ ինչ-ինչ բանակցություններ են գնալու, ապա դա տեղի է ունենալու մինչեւ հունվարի 27-ը: Անկասկած, բանակցություններն սկսվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած հենց այս այցի ժամանակ: Ինչպես նախօրեին հայտարարել էին համանախագահները, եթե Ս. Սարգսյանը նույնպես իր համաձայնությունը տա Դավոսում Ի. Ալիեւի հետ հանդիպմանը, ապա մինչ այդ Ցյուրիխում կկայանա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ակնհայտ է, որ հենց այս հանդիպումից էլ էականորեն կախված կլինի, թե հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում ինչպես կընթանան ՀՀ հարցի քննարկումն ու քվեարկությունը: Ասել է թե` Ս. Սարգսյանը մի քանի օր ժամանակ ունի` միջազգային հանրությանը կոնկրետ պատասխան տալու համար: Իսկ պատասխանը, բնականաբար, վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման` դեռեւս չհամաձայնեցված սկզբունքներին: Երեկ համանախագահների եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպման մասին ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Զրուցակիցները կարեւորեցին 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, 2008թ. դեկտեմբերի 4-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա վերոհիշյալ փաստաթղթերի ոգուն համապատասխան»: Թե հայկական կողմի համար որքան աննպաստ դրույթներ է պարունակում Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների դեկտեմբերի 4-ի եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարություններին, ապա դրանցում հստակ նշված է. «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին մոտակա ամիսների ընթացքում ջանքեր գործադրել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար եւ այնուհետեւ անցնել դրա հիման վրա համաձայնագրի նախագծի կազմմանը»: Ինչպես նշում են դիվանագիտական մեր հավաստի աղբյուրները «հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելուն» խոչընդոտում է միայն մեկ հարց` դեռեւս համաձայնեցված չէ Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքի հարցը, մասնավորապես այն, թե միջանցք կոչվածը քանի կիլոմետր պետք է լինի եւ որ ուժերի վերահսկողության տակ պետք է գտնվի: Ահա, ուրեմն` հենց այս հարցում անհրաժեշտ զիջումների գնալու համար էլ մի քանի օր ժամանակ է տրվել Ս. Սարգսյանին, ում որոշումից է կախված լինելու` կզրկվի՞ Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից` սրանից բխող բոլոր հետեւանքներով, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես, Դավոսում, ԼՂ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ կնստի այսաստիճան թուլացած դիրքերով, երբ արդեն իսկ գոյություն ունի փաստաթուղթ ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին, իսկ երկիրը գտնվում է միջազգային սանկցիաների սպառնալիքի տակ: ԱՆՆԱ Վ.ՀԱԿՈԲՅԱՆ ................................ ԿՈՆԳՐԵՍԻՑ ԷԼ ԵՆ ԳՆՈՒՄ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ներկա գտնվելու համար հունվարի 25-ին Ստրասբուրգ են մեկնելու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը: Այդ այցը, բնականաբար, կապված է այդ նստաշրջանում լսվելիք` Հայաստանի հարցի հետ: Զուրաբյանն ու Գրիգորյանը նախատեսում են մասնավորապես որոշ հանդիպումներ անցկացնել Ստրասբուրգում` Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա տրամադրելու համար: Այդ մասին երեկ մեզ տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Իսկ այդ «անհրաժեշտ ինֆորմացիան», մեր տեղեկություններով, կապված է լինելու առաջին հերթին քաղբանտարկյալների հետ: «ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի որոշումը, ինչպես նաեւ` դրան հետեւած Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցը շատ հստակ նշում են, որ Հայաստանը սանկցիաներից խուսափելու համար պետք է կատարի ամենակարեւոր պայմանը` առաջընթաց արձանագրի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում: Մեր գնահատականը շատ պարզ է` առաջընթաց, որպես այդպիսին, չկա: Այն մի քանի քաղբանտարկյալները, որոնք ազատվել են ներման խնդրագրեր կորզելու շնորհիվ, եղանակ չեն ստեղծում, ավելին` խորացնում են առճակատման մթնոլորտը, քանի որ մարդկանց ազատության փրկագինը եղել է քաղաքական հայացքներից հրաժարվելը»,- հայտարարեց Զուրաբյանը: Վերջինիս խոսքերով` քիչ է` քաղբանտարկյալների ազատ արձակման գործում առաջընթաց չկա, դեռ ավելին, իշխանությունները հիմա էլ սկսել են քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններ իրականացնել բանտախցերում: Զուրաբյանը հիշեցրեց, որ միայն դեկտեմբերի 23-ին 5 քաղբանտարկյալ է ծեծի ենթարկվել տարբեր ՔԿՀ-ներում: «Ահա այս են փաստերը, եւ մենք այս բոլոր փաստերը նկարագրել եւ ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին այնպես, որ ԵԽ-ի պատգամավորները ինչքան հնարավոր է` տեղեկացված լինեն եւ տեղեկացված որոշում ընդունեն»,- նշեց Զուրաբյանը: Վերջինս նաեւ անդրադարձավ իշխանության կողմից շրջանառության մեջ դրված այն լուրերին, թե հնարավոր է` փոփոխության ենթարկվեն ՀՀ ՔՕ 300 եւ 225/3 հոդվածները, որոնց հատկանիշներով էլ հենց մեղադրվում են «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալները: «Մեզ հասնում են խոսակցություններ, որ իբր իշխանությունները խոստացել են փոխելով 300 եւ 225/3 հոդվածները` հնարավորություն ստեղծել, որ «7-ի գործով» մեղադրյալները ազատ արձակվեն: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն, որ այդ խոստումների դիմաց ԵԽ-ն չի կիրառի սանկցիաներ: Իշխանությունների ստրատեգիան հետեւյալն է` նորից խաբել ԵԽ-ին, նորից տալ խոստումներ, որոնք իրենք պատրաստ չեն իրականացնել: Ուստի, շատ կարեւոր է, որպեսզի ԵԽ-ն այդ գավառական խորամանկություններին չենթարկվի»,- հայտարարեց Զուրաբյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւան ժամանած ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեր այն հարցին, թե ի վերջո ինչ դիրքորոշում է արտահայտել տիկին Վալդները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ մասնավորապես` քաղբանտարկյալների կապակցությամբ, Զուրաբյանը պատասխանեց, որ մինչ այժմ ԵՄ հանձնաժողովը լրջորեն չէր խորացել քաղբանտարկյալներ խնդրում, ուստի ինքը հուսով է, որ շատ մոտ ապագայում հանձնակատարը լուրջ կոնսուլտացիաներ կունենա այնպիսի ուժերի հետ, որոնք տեղեկացված են քաղբանտարկյալների իրավիճակի մասին, եւ ըստ այդմ` լուրջ շտկումներ կմտցվեն նաեւ ԵՄ դիրքորոշման մեջ: ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ ................................ տարօրինակ է ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկվա դրությամբ դեռ չէր ստացել ՌԴ ներքին գործերի փոխնախարար Սմիրնովին ուղարկված իր նամակի պատասխանը: Հիշեցնենք, որ Նիկոյանը Սմիրնովից տեղեկություններ էր խնդրել մարտի 1-ին ցուցարարների դեմ կիրառված «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի բնութագրիչների մասին: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքը փորձել է կապ հաստատել Սմիրնովի հետ, Նիկոյանը պատասխանեց. «Այո, կապ հաստատվել է, մենք տվել ենք մեր ֆաքսի համարը եւ խնդրել, որ նամակի պատասխանն ուղարկվի ֆաքսով, բայց պատասխան առայժմ չկա»: Նշենք, որ առնվազն տարօրինակ է, որ Նիկոյանը դեռ պատասխան չի ստացել, որովհետեւ դեռ նախօրեին ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, ով իր հետ պետք է Հայաստան բերած լիներ Սմիրնովի պատասխանը, ասում էր, թե այդ պատասխանը տեղ կհասնի նույն օրը: Այսինքն` երեկ պատասխանը պետք է եկած լիներ: Մեր ունեցած տեղեկություններով` պատասխանը իրականում տեղ է հասել, բայց Նիկոյանը չգիտի` ինչ անել դրա հետ: Եթե այդ նամակում իսկապես գրված է, որ հնարավոր է նույնականացում կատարել, այսինքն` հնարավոր է պարզել, թե զոհերի մարմիններից հանված «Չերյոմուխա-7»-ի բեկորները որ զենքից են կրակված, նշանակում է` կպարզվի, թե կոնկրետ որ ոստիկաններն են կրակել խաղաղ ցուցարարների վրա: Նամակն այդ տեսքով Նիկոյանը, բնականաբար, հրապարակել չի կարող. շատ-շատ, կարող է, հետեւելով դատախազության օրինակին, փորձել նամակի` իշխանություններին ձեռնտու նոր պատասխան ստանալ ՌԴ-ից:
«ՇԵՍՏՈՅԻ» ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿՈՏՐՎԵՑ Երեկ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության («6-րդ» վարչության) պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը ուղղակի ապացուցեց, որ 2008-ի փետրվարի 23-ին ինքը անօրինական հրաման է տվել իր ենթականերին, որի հիման վրա ապօրինաբար ոստիկանություն բերման է ենթարկվել այն ժամանակ դեռեւս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ այդ ամենը տեղի ունեցավ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված Գագիկ Ջհանգիրյանի դատի ժամանակ, որի ընթացքում շարունակվեց Բաբակեխյանի` որպես վկայի հարցաքննությունը: Բանն այն է, որ Ջհանգիրյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը «6-րդ» վարչության պետի տեղակալից հետաքրքրվեց, թե նա ՀՀ ոստիկանության մասին օրենքի որ դրույթի հիման վրա է հրահանգել Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկել: Իսկ քանի որ այդ հարցի պատասխանը Բաբակեխյանը չուներ, նա փորձեց պատասխանելուց խույս տալ` ասելով, իբր նախորդ նիստում ինքն այդ հարցին պատասխանել է եւ չի ցանկանում կրկնվել: Արդյունքում, Ջհանգիրյանը ստիպված էր միջամտել եւ «6-րդ» վարչության պետի տեղակալին հիշեցնել, որ նա որպես վկա է դատարանի դահլիճում հանդես գալիս եւ պարտավոր է հարցերին պատասխանել: «Վաղը նա (Բաբակեխյանը - Վ.Հ.) կարող է կասկածյալ կամ մեղադրյալ լինել եւ օգտվելով դատավարական իր իրավունքից` հարցերին չպատասխանի, իսկ այսօր նա բարի պետք է լինի ու հարցերին պատասխանի»,- ասաց Ջհանգիրյանը: Բաբակեխյանին փորձեց օգնության հասնել մեղադրող Կորյուն Փիլոյանը, ով առարկեց հարցի դեմ` ասելով, թե վկան չի հարցաքննվում օրենքի իմացության առնչությամբ: Սակայն, քանի որ «6-րդ» վարչության պետի տեղակալն ինքն էր նախորդ նիստում ասել, թե «Ոստիկանության մասին» օրենքի հիման վրա են գործել, ուստի Փիլոյանի առարկությունը չստացվեց. Բաբակեխյանը ստիպված էր հարցին պատասխանել եւ կրկնեց նախկին լեգենդը, թե իբր իրենք տեղեկություն են ստացել եւ միջոցներ են ձեռնարկել` այն ստուգելու համար: Ջհանգիրյանը ստիպված էր Բաբակեխյանին կրկին անգամ բացատրել, որ բերման ենթարկելը տեղեկությունները ստուգելու հետ կապ չունի, եւ այն դատավարական առանձին գործընթաց է, որի հետ կապված բոլոր գործողությունները սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: Մի խոսքով` մոտ կես ժամ շարունակ Բաբակեխյանը մեղադրող Կորյուն Փիլոյանի եւ դատավոր Ժորա Վարդանյանի օգնությամբ փորձում էր խուսափել պատասխանել այն հարցին, թե Ջհանգիրյանի դեմ կազմակերպված միջոցառումը ինչ հիմքով է կազմակերպվել: Պատասխանից խուսափելու համար Բաբակեխյանը նույնիսկ փորձեց հղում կատարել ինչ-որ գաղտնի հրամանների, որոնք, ըստ նրա, ինքն իրավունք չունի մեկնաբանել կամ քննարկել: Այլ կերպ ասած` «6-րդ» վարչության պետի տեղակալը փորձում էր իր վրայից պատասխանատվությունը գցել ինչ-որ անհայտ հրամանների վրա: Սակայն Ջհանգիրյանը հիշեցրեց, որ մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը վերաբերող ենթաօրենսդրական ակտերը իրավական ուժ չունեն, եւ ոչ ոք իրավունք չունի դրանց հիման վրա մարդու բերման ենթարկել: Ի վերջո, Բաբակեխյանը ստիպված էր խոստովանել, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելիս առկա չեն եղել այն հիմքերը, որոնց դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս մարդուն բերման ենթարկել ոստիկանություն: Այլ կերպ ասած, վկան, ով արդեն հայտարարել է, թե Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելու հրահանգը ինքն է տվել, գործնականում ընդունում է, որ իր կարգադրությունը օրինական հիմքեր չի ունեցել: Ավելին, բերման ենթարկվելիս Գագիկ Ջհանգիրյանը դեռեւս հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, քանի որ նրա պաշտոնանկության մասին Ռոբերտ Քոչարյանի` 2008-ի փետրվարի 23-ին, այսինքն` բերման ենթարկելու օրը ստորագրված հրամանագիրը լավագույն դեպքում կարող էր ուժի մեջ է մտել մեկ օր անց միայն: Այսինքն` երբ Բաբակեխյանի հրահանգով «6-րդ» վարչության դիմակավոր գրոհայինները հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի վրա եւ նրան բերման ենթարկել ոստիկանություն, նրանք չէին կարող այդ անել առանց ՀՀ գլխավոր դատախազի համաձայնության: Սա եւս ՀՀ օրենսդրության պահանջն է, որը վերաբերում է դատախազներին բերման ենթարկելուն: Բաբակեխյանը այս առնչությամբ պատասխանեց, որ ինքը նման համաձայնություն չի ունեցել: Ի դեպ, երբ Բաբակեխյանը այլեւս առանձնապես չէր ժխտում, որ ինքը ապօրինություն է գործել, Ջհանգիրյանը նրան ասաց, որ իր հանդեպ իրականացված ապօրինության հիմնական մեղավորները նա եւ նրա պետն են: «Դուք մեղքեր չունե՞ք»,- Ջհանգիրյանին հակադարձեց Բաբակեխյանը, ինչին գլխավոր դատախազի նախկին տեղակալը հակադարձեց. «Ես ինչ մեղք որ ունեմ, կքավեմ»: Դատավարության հետ անմիջական կապ չունեցող, բայց բավական ուշագրավ էր նաեւ Բաբակեխյանի հայտարարությունը, թե` «Ես իմ նստելիքը նստել եմ»: Այսպիսով «6-րդ» վարչության պետը ուղղակի հաստատեց, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ ինքը դեռեւս 1995-ին շուրջ երեք ամիս անցկացրել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, քանի որ մեղադրվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ավտոմեքենա բերելու մեջ: Բայց ի վերջո, Բաբակեխյանի ղեկավարությանը հաջողվել է նրան պատասխանատվությունից պրծացնել: Ի դեպ, ըստ նույն լուրերի, այդ քրեական գործը, որի շրջանակներում Բաբակեխյանը կալանավորված է եղել, քննել է դատավոր Ժորա Վարդանյանը, որը այդ ժամանակ ԱԱԾ քննիչ է եղել: Ինչեւէ, Բաբակեխյանի «նստելու» հետ կապված Ջհանգիրյանի կարծիքն այն էր, որ նա նախկինում «նստել» է ԱԱԾ մեկուսարանում, իսկ ապագայում նրան սպասում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում են իրավապահ համակարգի նախկին աշխատակիցները: Ոստիկանության «6-րդ» վարչության պետի տեղակալի հարցաքննությունը ավարտվեց, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 30-ը` ժամը 14.00-ն: ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ................................ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ-2 Երեկ «7-ի գործով» քաղբանտարկյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը, Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը, Ստեփան Ոսկանյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ներկայացրել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ: Նախ` պաշտպանները մտահոգիչ են համարել այն, որ փաստացի լրագրողներին արգելվել է տեսանկարահանում կատարել դատարանի դահլիճում: «Դա չի բխում արդարացի դատաքննության սկզբունքից` մասնավորապես խախտելով մեր պաշտպանյալների հրապարակային դատական քննության իրավունքը»,- գրում են պաշտպանները: Նրանց մտահոգող հաջորդ փաստը դատական կարգադրիչների կողմից պաշտպաններին ստուգելն է: «Մանրակրկիտ ստուգվում են մեր պայուսակները, գրպանները:...Իսկ մեղադրողները դատարան մուտք են գործում շենքի մեկ այլ մուտքից եւ չեն ենթարկվում որեւէ զննման:...Արգելվում է տեսակցությունը մեր պաշտպանյալների հետ դատարանի շենքում...: Խախտվում է օրենքով մեզ վերապահված անարգել, կոնֆիդենցիալ մեր պաշտպանյալների հետ տեսակցելու իրավունքը»,- շարունակում են պաշտպանները: Վերջիններս նաեւ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հունվարի 13-ի նիստի ժամանակ, ըստ մեղադրողի չավարտված հայտարարության, պարզվեց, որ պաշտպանները չունեն դատավարական այնպիսի իրավունքներ, ինչպիսին է ինքնաբացարկի եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ ներկայացնելը, իսկ պաշտպանների իրավունքների իրականացումը մեղադրողների մոտ տարակուսանք եւ զայրույթ է առաջացնում: «Մեղադրողի հայտարարությունից ստացվում է, որ պաշտպանների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքները իրացնելը նպատակ է հետապնդում ձգձգել դատաքննությունը: Սակայն փաստը այն է, որ դատարանն է մշտապես ձգձգում դատաքննության ընթացքը` պատճառաբանելով, թե մեր պաշտպանյալները դատարանում ոտքի չեն կանգնում: Այնինչ` դատարանը իրավասու է ոտքի չկանգնելու համար կիրառել այլ միջոցներ` նախազգուշացում, տուգանք, եւ շարունակել դատական նիստերը: Ոտքի չկանգնելն անհնարին չի դարձնում դատական նիստի շարունակելը»,- նշում են պաշտպանները: Հաշվի առնելով այս հանգամանքները` պաշտպանները պահանջում են ապահովել իրենց պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը, ապահովել տեսանկարահանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների անխափան եւ չմիջնորդավորված աշխատանքը դատական նիստերի դահլիճում, ապահովել հրապարակային դատական քննություն, ապահովել իրենց պաշտպանյալների հարազատների, ընկերների եւ սատարող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ, պաշտպանական կողմի եւ մեղադրողների համար հաստատել հավասար պայմաններ: Նշենք, որ սույն հայտարարությունը ուղարկվել է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին: ................................ քաղդատ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ շարունակվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Բանուչյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ («Յուրացում կամ վատնում») եւ 205-րդ («Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը») հոդվածներով: Իրականում այն ապրանքը, ավելի կոնկրետ բացիկները, որի վատնման համար նրան մեղադրում են, պահեստավորված պահվում է, պարզապես ստուգողները այդ փաստը չնկատելու են տալիս: Երեկվա դատական նիստում Բանուչյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մինչեւ դատաքննության սկսելը նոր ապացույցներ ձեռքբերելու եւ վկաներ հրավիրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել: Մասնավորապես, փաստաբանը միջնորդել է որպես վկա հրավիրել եւ հարցաքննել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ին: Նա անձամբ տեղյակ է բացիկների հետ կապված պատմությանը: Բնականաբար, միջնորդությունը մերժվել է: Դատավոր Ափինյանը հայտարարել է, թե ինքը մերժում է միջնորդությունը, քանի որ «Կաթողիկոսը հայ ժողովրդի խոստովանահայրն է»: Այս մերժումից հետո փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ժամանակ է խնդրել, եւ դատը հետաձգվել է մինչեւ հունվարի 23-ը:
ՀԻՄԱ Է՞Լ ԽԱԲՎԵՆՔ... ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունը, չնայած մամուլում արդեն իսկ եղած ոչ սակավաթիվ անդրադարձներին, ավելի լուրջ ուշադրության է արժանի: Ոչ թե այն պատճառով, որ նա սկսել է ավելի լավ կամ ավելի վատ աշխատել, այլ որովհետեւ ի դեմս նրա` բացահայտվում է հայաստանյան հասարակությանը քաջ ծանոթ վտանգավոր երեւույթի մի նոր օրինակ-առարկայացում: բայց ամեն ինչ` հերթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի վերջին ավելի քան մեկ տարվա գործունեությունը պետք է գնահատել նույն այդ շրջանում մարդու հանրահայտ իրավունքների խախտումների, ազատությունների կոպտագույն ոտնահարումների ամենօրյա հարյուրավոր փաստերի հիմքի վրա: Ահա դրանց համառոտ ցանկը. Տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ սահմանափակումներ, Ընտրողի ազատ կամարտահայտման վրա զանգվածային ու համատարած բռնացումներ, ուժի գործադրում, Վստահված անձանց ու դիտորդների զանգվածային ահաբեկումներ, ծեծ, սպառնալիքներ, ընտրատեղամասերից վտարում եւ այլն, Խաղաղ, բացառիկ կարգապահությամբ ընթացող շուրջօրյա հանրահավաքների բարբարոսական ցրում, անմեղ մարդկանց նկատմամբ վանդալիզմ ու ջարդ մարտի 1-ի վաղ առավոտյան, Նույն օրը երեկոյան` խաղաղ քաղաքացիների արյունոտ սպանդ, Ապօրինաբար մտցված արտակարգ դրություն, ազատ խոսքի եւ այլ իրավունքների լիակատար սահմանափակում, Քաղաքական ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ու ղեկավարների անհիմն ձերբակալություններ, տասնյակ հազարավորների հետապնդումներ ու հալածանքներ, Հեռախոսների ապօրինի գաղտնալսումներ, Ամբողջ ընթացքում տեղեկատվության տարածման ու տեղեկություն ստանալու իրավունքի անսեթեւեթ խախտումներ, Ընդդիմության՝ հավաքներ անցկացնելու շուրջ 100 հայտերի ապօրինի մերժում, ինչով, ըստ էության, 100 անգամ մերժվել է 100.000 քաղաքացու (հանրահավաքի մասնակիցների միջին թիվը)` ազատ հավաքների իրավունքը, Ավելի քան հարյուր քաղբանտարկյալների գոյությունը, նրանց դեմ շինծու քրեական մեղադրանքների հարուցումն ու պատվիրված քաղաքական դատավարությունները, Սեփականության եւ աշխատելու իրավունքի դեմ հազարավոր ոտնձգություններ, «Հյուսիսային պողոտայում» զբոսնող մարդկանց հարյուրավոր ձերբակալություններ, Լրագրողների նկատմամբ տասնյակ բռնություններ եւ այլն: Այս ամենը` որպես անսակարկելի փաստեր, եղել են բոլորի աչքի առջեւ, արձանագրված են կարեւոր փաստաթղթերում, այդ թվում նաեւ` ընտրություններին հետեւած միջազգային դիտորդների զեկույցներում, մարդու իրավունքների հետ կապված՝ միջազգային ամենածանրակշիռ կազմակերպությունների փաստաթղթերում ու որոշումներում, այլ երկրների կառավարությունների ու բարձր պաշտոնյաների հայտարարություններում: Այս ամենի ֆոնին, ՄԻ պաշտպանի աշխատանքը այլ գնահատական չի կարող ունենալ, քան՝ խայտառակ անբավարար: խոտոր ելակետ Սակայն, իրերի բերումով Ա. Հարությունյանի աշխատանքի հասարակական գնահատականը ձեւավորվել է ոչ այս՝ օբյեկտիվ ելակետից: Իսկ այդ «իրերը» երկուսն են. ա) Ա. Հարությունյանի պաշտոնեական անցյալը ու դրանով հայտնի նրա զուտ մարդկային հայտնի որակները: Նրա չափազանց տխուր դերը 2003 եւ 2005 թվականներին ՀՀ Սահմանադրության եղծման գործում: 2003-ին բացահայտ, որպես Ռ. Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ, 2005-ին՝ ստվերում, նա դարձավ ՀՀ Սահմանադրության պղծման, ժողովրդի ու պետականության դեմ իրականացված այդ դավադրության առանցքային դեմքը: Այսինքն՝ նա պատրաստակամորեն կատարել է ավազակապետական վարչախմբի պատվեր-հանձնարարություն՝ չխորշելով ոտնահարել որեւէ սրբություն ու մասնագիտական սկզբունք: Այսպիսի մարդուց ի սկզբանե դժվար էր որեւէ սպասելիք ունենալ, ինչ պաշտոնում էլ որ նա լիներ: բ) Ավազակապետական բռնատիրության հայաստանյան պայմաններում բոլոր նրանք, ում վրա անմիջական ներգործության լծակներ ուներ վարչախումբը պետք է անմնացորդ ծառայեին այդ վարչախմբի պահպանմանը: Խույս տվողները, առավել եւս` ընդդիմադիր դարձածները դաժանորեն պատժվել են անխտիր: Ա. Հարությունյանի առջեւ նման պահանջ չդրվեց, նրան թույլ տրվեց կատարել իր պարտականությունների չնչին մի մասը՝ նրա համար «ընդդիմադիր» պաշտոնյայի իմիջ ստեղծելով: Դրա շնորհիվ նա հասարակության աչքում երեւութապես գերազանցեց ոչ թե ՄԻ պաշտպանից, այլ իրենից՝ կամակատար Ա. Հարությունյանից սպասելիքի չափը: «լակմուսի թուղթը» ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի 2008թ. դեկտեմբերի 17-ի հայտնի որոշմամբ «Մարտի 1-ի գործով» ազատազրկվածները միջազգայնորեն ճանաչվեցին որպես քաղբանտարկյալներ, ու պահանջվեց նրանց անհապաղ ազատ արձակել: Այս որոշումը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց նաեւ Ա. Հարությունյանի իրական դեմքն ու դերը: Այն փաստերն ու իրողությունները, որոնց հիման վրա Մոնիտորինգի կոմիտեն հիշյալ գործով ազատազրկվածներին քաղբանտարկյալներ ճանաչեց, առնվազն տասն անգամ ավելի շատ ու ավելի շուտ եւ տասն անգամ ավելի մատչելի են եղել ՀՀ ՄԻ պաշտպանին, նա այդ ամենի ամենօրյա ականատեսն է եղել: Քաղաքացիական քաջություն եւ պաշտոնեական արժանապատվություն ունենալու դեպքում նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր ձերբակալվածների ու դատվածների` քաղբանտարկյալ լինելու մասին: Եվրոպայում եւ աշխարհում շատ մեծ կարեւորություն են տալիս տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը, դրա ղեկավարի կարծիքին ու գնահատականներին, այսինքն՝ նա ապակողմնորոշել է նաեւ միջազգային հանրությանը: Ժամանակին չկատարելով իր պաշտոնական պարտականությունները՝ Ա. Հարությունյանը անձամբ պատասխանատու է այսօրվա իրավիճակի առաջացման համար: Նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր իշխանության սանձազերծած հալածանքների քաղաքական բնույթի, քաղբանտարկյալների առկայության մասին: Նա պարտավոր էր արձագանքել ընդդիմադիր գործիչների ձերբակալման յուրաքանչյուր դեպքի, ամեն ինչ անել` կանխելու նրանց նկատմամբ շինծու դատավարությունները: Նրանց անազատության մեջ գտնվելու թիվ 1 պատասխանատուն Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանն է: Սակայն նա, ինչպես սովոր էր, այս դեպքում էլ կատարել ու շարունակում է կատարել վարչախմբի պատվերը: Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո թվում էր, թե նա այլեւս փախչելու տեղ չունի: Եթե մինչ այդ վախեցել է առաջինը լինելուց, ապա դրա համար այլեւս մեծ քաջություն պետք չէր: Եթե մինչ այդ չէր արել, հիմա նա պարտավոր էր անձամբ թույլ չտալ սկսել հերթական դատական ֆարսը այսպես կոչված «7-ի գործով»: Անձամբ պետք է կանգներ դատարանի դռան առջեւ ու թույլ չտար դատավորին ներս մտնել: Մինչդեռ Ա. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է «մոնիտորինգի» ենթարկել «7-ի գործով» դատավարությունը եւ դրա ավարտից հետո միայն կարող է հայտնել իր կարծիքը: Նա կրկնեց իրավական, քաղաքական ու պարզ տրամաբանական առումով անհեթեթ` վարչախմբի անգրագետ ներկայացուցիչների այն միտքը, թե մեղադրյալի քաղբանտարկյալ լինելը կարող է որոշվել միայն դատարանում, դատավարության ավարտից հետո: Դրանով նա ոտնահարեց իրավաբան գիտնականի, բանական մարդու ու քաղաքացու որակները ճիշտ նույն կերպ, ինչպես դա արել էր 2003-ին եւ 2005-ին՝ կատարելով Սահմանադրության եղծման խոհարարի դերը: Բացի այդ, նրա ասածը նաեւ բացահայտ ցինիզմ է, անպարկեշտ վերաբերմունք լսարանի, ժողովրդի նկատմամբ. մինչ այժմ, 10 ամիս շարունակ, նրա քթի տակ ընթացել են շուրջ ինը տասնյակ նմանօրինակ դատավարություններ, թող «մոնիտորինգ աներ» դրանցից յուրաքանչյուրը եւ ամիսներ առաջ գար համապատասխան հետեւության: Կամ, հենց հիմա թող պահանջի այդ դատավարություններից 1-2-ի փաստաթղթերն ու ուսումնասիրի: Ինչո՞ւ չի արել, ինչո՞ւ հենց հիմա որոշեց: Շատ պարզ պատճառով. այդպիսին է նրան իջեցված իշխանական պատվերը, ինչի համար ավելի քան մեկ տարի նրան խնամքով «հասունացրել» են: Ա. Հարությունյանը հերթական «պրոյեկտ» Է Հայտնի է, որ իշխանությունն ամեն կերպ պահելու համար ավազակապետական վարչախմբի ամենակարեւոր զենքը եղել է կեղծ ընդդիմությունը: 2008թ. նախագահական ընտրություններում, հայտնվելով աննախադեպ ծանր իրավիճակում, վարչախումբն ստիպված էր այս զենքից կրակել իր բոլոր փամփուշտները, բացահայտել իր բոլոր «ընդդիմություն» պրոյեկտները՝ նախագահի 7 թեկնածուների ու մի շարք կուսակցությունների տեսքով: Ինքնապահպանման զենքի այս շատ կարեւոր զինանոցը համալրելուն ուղղված նրա բոլոր ջանքերն անցած մեկ տարում, մասնավորաբար` «երրորդ բեւեռ» ստեղծելու գործում, ապարդյուն անցան: Սակայն նմանօրինակ մի պրոյեկտ, ահա, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, կարծես թե ստացվել է: Ավելի ակնառու դարձնելու համար` թվարկենք այդ «պրոյեկտի» բաղկացուցիչները կամ հասունացման էտապները. ա) Ա. Հարությունյանին, ի տարբերություն պետական որեւէ այլ պաշտոնյայի, թույլ տրվեց երբեմն կեսճշմարտություններ ասել, կատարել իր պարտականությունների փոքր, անվտանգ մի մասը: Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի զբոսնողները, թռուցիկներ բաժանողները, երթերի մասնակիցները եւ այլն, պարբերաբար բերման էին ենթարկվում ոստիկանություն, ապա իսկույն ազատ էին թողնվում` Պաշտպանի «բարձր» միջնորդությամբ: բ) Ռ. Քոչարյանը, իբր դժգոհ նրա «ընդդիմադիր» աշխատանքից, ինչ-որ պահի հայտարարեց, թե Ա. Հարությունյանն իր միակ անհաջող նշանակումն է: Նման գնահատականից հետո վերջինիս հեղինակությունն ու համարումը կտրուկ աճ ունեցան: գ) Երկու-երեք ամիս առաջ Ա. Հարությունյանը դիմեց իշխանությանը՝ իր անվտանգությունը ապահովելու համար թիկնապահներ խնդրելով: Իշխանությունը մերժեց: Այս մասին կարող էր նաեւ որեւէ մեկը չիմանալ, սակայն այն տեւական մի շրջան մամուլում քննարկման նյութ էր: Նպատակը՝ մի կողմից տպավորություն ստեղծել, թե «ընդդիմադիր» գործելակերպի պատճառով իր անձնական ապահովությունը վտանգված է, մյուս կողմից՝ որ իշխանությունն իրեն, որպես «չուժոյի», մերժում է: Եւ ահա, եկել է հերթական այս պրոյեկտի «աստեղային ժամը»: Նա պետք է նպաստի, որ վարչախումբը կարողանա լուծել երկու խնդիր՝ ե՛ւ ԵԽԽՎ-ում չզրկվի ձայնի իրավունքից, ե՛ւ ազատ չարձակի քաղբանտարկյալներին: Ինչպես ասվեց, տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմանը մեծ կարեւորություն է տրվում Եվրոպայում: Եթե վարչախումբը կարողանա խույս տալ ձայնի իրավունքից զրկվելու վտանգից ու դրանով իսկ համարի, որ քաղբանտարկյալներին եւս 3 ամիս կարող է անպատիժ անազատության մեջ պահել, ապա դրանում էական կլինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի դերը: Հ.Գ.-1. 2008 թ. փետրվարի վերջին օրերին անգամ դեռ բոլորը չէ, որ համոզված էին «ընդդիմադիրների»` իշխանական պրոյեկտ լինելու մեջ: Երբ տեղի ունեցավ նրանց վերջնական միավորումը Ս. Սարգսյանի շուրջ, հաջորդ իսկ օրը տեղի ունեցավ Մարտի 1-ը: Այն հաստատ տեղի չէր ունենա, եթե ժամանակին իրերը կոչվեին եւ ընդունվեին իրենց անուններով ու արժանանային համապատասխան վերաբերմունքի: Հ.Գ.-2 Համաձայն չեմ Ն. Փաշինյանի վերջերս տված գնահատականին, թե Ա. Հարությունյանը «կզել է»: Նա միշտ էլ կուզ է եղել, իսկ կուզին... ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԵՐՈ՛Ս ԵՆ ԷԼԻ, ՀԵՐՈՍ Ինչպես նախօրեին հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարականով թաղային համայնքներին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն է հատկացվել` համայնքների սանիտարական, այդ թվում` մայթերի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան` Արաբկիրի, Աջափնյակի (մի առիթով` նաեւ Շենգավիթի) թաղապետարաններից վստահեցնում էին, թե սանմաքրման աշխատանքների համար իրենց բյուջեներից հատկացվող գումարները բավարար են, գրեթե բավարար են նաեւ տեխնիկան ու աշխատուժը: Մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ, փաստորեն, բոլոր 12 թաղային համայնքներին լրացուցիչ օժանդակություն է հատկացվել: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, դա կազմում է 40 մլն դրամ: Իսկ ինչո՞ւ է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացել: Տրամաբանությունը հուշում է, որ թաղապետարաններն այն կարող են զգալ այն դեպքում, երբ սկսեն իրենց ունեցածը ծախսել ու տեսնեն, որ քչություն է անում: Մինչդեռ, մայրաքաղաքում շատ հազվադեպ են մասնավորապես ձյուն մաքրող բանվորներ երեւում: Թաղապետարանների կոմունալ բաժինների պետերն առիթի դեպքում հայտարարում են, իհարկե, թե իրենք նախ ձյունն են մաքրում, հետո միայն` աղ ու ավազ շաղ տալիս: Իսկ իրականում դրանք, որպես կանոն, ցանվում են հենց փողոցների ձյան վրա: Մայթերի մասին խոսելն էլ գրեթե անիմաստ է: «Ֆինանսական օժանդակություն տրվում է, որպեսզի հիմնարկությունները կարողանան ավելի շատ աղի պաշարներ կուտակել, տեխնիկան վերանորոգեն, վառելիքաքսայուղեր ձեռք բերեն եւ աշխատանքի համար վճարեն: Այս սեզոնին անհրաժեշտություն է առաջանում, որ ժամանակավոր աշխատողներ ընդունեն մայթերի մաքրման աշխատանքների համար: Ֆինանսական ազատ միջոցներ պետք է լինեն թաղային համայնքների մոտ` այդ ամենը իրականացնելու համար»,- նկատում է Գագիկ Խաչատրյանը: Իսկ երբ հիշեցինք, որ նշված թաղապետարաններից վստահեցնում էին, թե իրենց ֆինանսական միջոցները բավարար են համայնքների սանմաքրման գործը հաջողությամբ գլուխ բերելու համար, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն ընդգծեց, որ աղի գինը շեշտակի բարձրացել է, եւ դրանով իսկ խախտվել են թաղային համայնքների ծրագրերը: Իսկ արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկում է, որպեսզի սանմաքրման աշխատանքներն ու այս սեզոնին նաեւ` ձյունը հեռացնելը պատշաճ մակարդակով կատարվեն կամ էլ ընդհանրապես կատարվեն: Փաստելով, որ սանմաքրման աշխատանքներն իրականացնելու համար թաղային համայնքներն իրենք են մրցույթ հայտարարում` ընտրելու համապատասխան կազմակերպությունը, Գագիկ Խաչատրյանը նշում է, որ թաղային համայնքը հանդիսանում է պատվիրատու, եւ նա էլ վերահսկողություն է իրականացնում: «Քաղաքապետարանը իր հերթին վերահսկում է պարտադիր նորմերի կատարումը թաղային համայնքների կողմից: Եթե դրանք չեն կատարվել, մենք գրություն ենք ուղարկում թաղային համայնքի ղեկավարին, եւ տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ վարչական միջոցներ են ձեռնարկվում: Եղել են դեպքեր, երբ աշխատանքից ազատվել են»,- հայտարարում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Իսկ ի՞նչ են արձանագրել ձմռան այս սեզոնին իրականացրած վերահսկողության արդյունքում: Պարզվում է` մեր զրուցակիցը ոչ միայն գոհ է այդ առումով, այլ նաեւ կատարված աշխատանքը հերոսություն է համարում: «Այս ձմռան, այս տեղումների ժամանակ ոչ միայն լավ են աշխատել, կարող եմ ասել, որ գերազանց են աշխատել բոլոր աշխատակիցները, եւ ես անձամբ տոնական օրերին եղել եմ բոլոր սանիտարական մաքրման ձեռնարկություններում, ու չկար մի տեղ, որ հերթապահություն չլիներ: Եւ տեխնիկայի առումով քիչ քանակություն ունենալով, ես կարող եմ ասել, ուղղակի հերոսություն են անում մեր աշխատակիցները»,- իր գնահատականներում այսպես շռայլ է Գագիկ Խաչատրյանը: Նա հիշում է, որ վերջերս Եվրոպայում ընդամենը 10 սմ ձյուն էր նստել, եւ ամբողջ Եվրոպան պարալիզացվել էր: Իսկ մեզ մոտ ձյան շերտը 27 սմ է եղել, ու ճանապարհների փակ լինելու մասին ոչ մի ահազանգ չի ստացվել ոչ պետավտոտեսչությունից, ոչ էլ բնակիչներից: «Մեզ մոտ 3 անգամ ավել ձյուն տեղաց, բայց մի րոպե մեր փողոցները փակ չեղան: Նրանք 1200 միավոր տեխնիկայով էին աշխատում, մենք` ընդամենը 370-ով` գրեթե 4 անգամ պակաս»,- զուգահեռներ է անցկացնում վարչության պետն ու նկատում, որ Երեւանի առավելությունը իրենց աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի մեջ է: Այսպես, եթե միայն մեր պաշտոնյաներին լսես ու քիթդ տնից դուրս չհանես, քեզ կթվա, թե փողոցներից ու մայթերից ձյունը մաքրվում է` դեռ գետնին չհասած: Իսկ իրականում մայրաքաղաքի սառցակալած մայթերով առաջ շարժվելու եւ ասենք, 5 րոպեի ճանապարհն անցնելու համար քաղաքացիներից կրկնակի ու եռակի ժամանակ է պահանջվում: ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ ................................ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՎԱԾ ՄԵԴԱԼԻՑ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ապրած շենք, որը գտնվում է այսօր արդեն վերանվանված Սիլվա Կապուտիկյան փողոցում (Բաղրամյան պողոտայի անցուղի), երեկ մոտ երկու ժամ հնարավոր չէր մտնել: Բանաստեղծուհու 90-ամյակի առիթով նրա տուն-թանգարանի բացմանը հրավիրված մտավորականները, լրագրողներն ու բարեկամները ստիպված էին կանգնել մուտքի մոտ, մինչեւ նրանց թույլ տրվի շենք մտնել: Բանն այն է, որ տուն-թանգարան էր այցելել Սերժ Սարգսյանը, ով, պարզվում է, խուսափում է ոչ միայն հասարակ ժողովրդից, այլ նաեւ մտավորականներից. նրան երեւի թվում է, թե մարդկանց դրսում սպասեցնելով` նա իր անձի շուրջ կարեւորության շղարշ է ստեղծում: Իրականում այդ ամբողջ ընթացքում բոլորն էլ զարմացած սպասում էին եւ բարձրաձայն քննարկում, որ «եթե իրենք պետք չեն, կարող են գնալ»: Նշենք, որ մինչ Սերժ Սարգսյանը գտնվում էր շենքում, դռնից մինչեւ 4-րդ հարկ լցված թիկնապահները չէին թողնում նույնիսկ, որ ներս գնան հատուկ թանգարանի բացմանը երգելու համար եկած երգիչները: Այդպես էլ թանգարան չմտնելով` շենքի բակից հեռացան բազմաթիվ` ցրտին չդիմացած հյուրեր: Երբ վերջապես հեռացավ Սերժ Սարգսյանը` իր մոտ 20 թիկնապահական մեքենաներով, նրա հետեւից հեռացավ նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Արդեն թանգարանում ասացին, որ Սերժ Սարգսյանի այցը նախատեսված չի եղել, ուղղակի նա եկել էր, քանի որ հովանավորել է թանգարանի բացման աշխատանքները: Հյուրերի ներկայությամբ, Կապուտիկյանի կտակի համաձայն, բացվեց այն կոնյակը, որը բանաստեղծուհին նախատեսել էր բացել իր 90-ամյակին: «Քաղաքական գործիչներից» թանգարանի բացմանը մասնակցում էր Արտաշես Գեղամյանը, որ հայտնի է որպես բանաստեղծուհու տանը հաճախ հյուրընկալված անձ: Նա, սակայն, սեղան գցել-ուտելուց հետո լքեց թանգարանը` թեւանցուկ անելով եւ իր հետ տանելով կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին: Ինչեւէ, համբերատար սպասած եւ Կապուտիկյանի բնակարան բարձրացած մի քանի մտավորականների եւ բանաստեղծուհու բարեկամների մասնակցությամբ շրջայց կատարվեց թանգարանում: Տնօրեն, Կապուտիկյանի մորաքրոջ դուստր Ռաֆլետա Հաջյանը, ներկայացնելով թանգարանում գտնվող յուրաքանչյուր իրը, որ պատկանել է Սիլվա Կապուտիկյանին, հուզմունքով նշեց, որ ինքն ամեն ինչ արել է Սիլվայի կտակի համաձայն: «Ամեն ինչ արվել է իր պատվերով: Սա լավագույն միջոցն է` ժառանգներին հանձնելու Կապուտիկյանի հայրենասիրությունը, ազգասիրությունը, գրական ժառանգությունը, մայրենի լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ մարդկային հատկանիշները: Թանգարանը պետք է ծառայի նաեւ նրա գրական ժառանգությունը պրոպագանդելուն, մանավանդ` այսօր, երբ դպրոցի հայ գրականության ծրագրից հանվում է Կապուտիկյանը, եւ մեզ համար օրակարգի հարց է դառնում` նոր սերնդին ծանոթացնել Կապուտիկյանի ժառանգության հետ»,- ասաց Հաջյանը: Մենք հարցրեցինք, թե բանաստեղծուհու թանգարանում ցուցադրված մեդալների մեջ կա՞ արդյոք «Սբ. Մեսրոպ Մաշտոց» մեդալը, որը բանաստեղծուհին հետ էր վերադարձրել Քոչարյանին: Պարզվեց` այդ մեդալը այլեւս չի վերադարձվել թանգարան: Հիշեցնենք, որ իր այդ վերաբերմունքով Կապուտիկյանը կանգնել էր այն ժողովրդի կողքին, որը 2004 թվականի ապրիլի 12-ին բռնությունների էր ենթարկվել` Քոչարյանի հրաժարականը պահանջելու համար: Այդպիսին էր Կապուտիկյանի վերջին տարիների ապրելակերպը. ինչպես երեկ նրա թանգարանի բացման ժամանակ ցուցադրված ֆիլմում էր ասվում, նա, ներդաշնակելով եւ հակադրելով մեր կյանքի գույները, պարզապես երկիր էր քարտեզագրում` մեր եւ իր ժամանակը: Իսկ ահա ընթերցողը նրանից միշտ հետաքրքրվում էր` ճի՞շտ ենք ապրում արդյոք: Ու բանաստեղծուհին կոչ էր անում վրեժ լուծել` ապրելով: Իսկ թանգարանում, այսինքն` Կապուտիկյանի 4 սենյականոց բնակարանում, որտեղ նրա կտակով ոչինչ չպետք է ավելացվեր եւ պակասեցվեր, պատշգամբում ներկայացված էին ընդհուպ մինչեւ Կապուտիկյանի կարի մեքենան, լողանալու տաշտակը, գրիչները, որոնք նվեր էր ստացել պաշտոնավորներից ու երկրպագուներից: Տուն- թանգարանի տնօրենը նշեց, թե Սիլվա Կապուտիկյանի արխիվն այնքան մեծ է, որ ինքը չի կարողացել տեղավորել այդ 4 սենյակում: Ի դեպ, երեկ, բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նաեւ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մտավորականներ եւ Կապուտիկյանի երկրպագուները: ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ ................................ Կոմիտասով Դասական վոկալի` աշխարհում հայտնի կատարող, ինչպես նաեւ օպերային երգչուհի, կանադահայ Իզաբել Բայրակդարյանը «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանն է ներկայացվել Կոմիտասի «Անտունու» կատարմամբ` «Լավագույն դասական վոկալ կատարում» անվանակարգում: Երգչուհու «Կոմիտասյան երգեր» սկավառակի ձայնագրությունները կատարվել են Երեւանում` Ա. Խաչատրյան համերգասրահում: Կոմիտասյան կատարումներով Իզաբել Բայրակդարյանը հանդես է եկել նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: «Գրեմմին» կկայանա փետրվարի 8-ին: 43-րդը Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Կաննում անցկացված MIDEM` սկավառակների եւ երաժշտության 43-րդ միջազգային տոնավաճառում արժանացել է հատուկ մրցանակի` «Տպավորիչ պրոֆեսիոնալ կարիերայի համար»: Ըստ տոնավաճառի վիճակագրության, Ազնավուրը ունի 800 երգ, նկարահանվել է 60 ֆիլմերում եւ թողարկել 50 ալբոմ: Հիշեցնենք, որ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնում է «Armenian music center»-ը:
ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հունվարի 15-ից սկսել է հայտեր ընդունել 2018-ի աշխարհի գավաթի խաղարկության անցկացման համար: Շահագրգիռ ազգային ֆեդերացիաներն այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալելու պատրաստակամության համար պետք է շտապեն տեղեկացնել մինչեւ փետրվարի 2-ը: Իսկ մինչեւ մարտի 16-ն այդ կազմակերպությունները համապատասխան ձեւով լրացված հայտեր են ներկայացնելու ՖԻՖԱ-ի հասցեով, որպեսզի մինչեւ 2009-ի դեկտեմբերի 11-ը հայտարարագրեր ստորագրեն: ՖԻՖԱ-ն մրցակիցներին կոշտ պահանջներ է ներկայացնում: Մասնավորապես, 2010-ի դեկտեմբերից սկսվելիք ընտրարշավին մասնակցելու համար ֆեդերացիաները պետք է հայտնեն, որ ունեն բարձրակարգ մարզադաշտեր, ենթակառուցվածքներ, հեռարձակումների, հաղորդագրությունների եւ հյուրերի ընդունման հնարավորություններ: Հստակ նշվում է, որ առաջնության կազմակերպիչ երկիրը մինչեւ 2017-ը պատրաստ ունենա առնվազն 40 հազ. նստատեղ ունեցող 12 խաղադաշտ: Ընդ որում, դրանցից մեկը պետք է կարողանա տեղավորել առնվազն 80 հազ. հանդիսական: Այդ խաղադաշտը նախատեսվելու է առաջնության բացման եւ եզրափակիչ հանդիպումներն անցկացնելու համար: Առաջին արձագանքներն արդեն կան: Պորտուգալիան եւ Իսպանիան պայմանավորվել են համատեղ ներկայացնել հայտը` աշխարհի գավաթի խաղարկությունն այդ երկրներում անցկացնելու համար: Երկուշաբթի օրը երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Ժիլբերտու Մադաիլը եւ Անխել Մարիա Վիլյարը Լիսաբոնում պայմանագիր են ստորագրել: Դրանից հետո ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են երկու երկրների ներկայացուցիչները: Հանձնաժողովը հստակեցնելու է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ աշխատանք պետք է կատարի ընտրարշավի անցկացման ժամանակ: Պորտուգալիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները վստահ են, որ այս նախաձեռնությունը հաջողություն կբերի, նախապատվությունը կտրվի հենց այդ երկրներին եւ ոչ թե մյուս թեկնածուներին: Համատեղ նախագծին հավանություն էր տվել Պորտուգալիայի սպորտի կառույցի ղեկավարությունը` տեսակետ հայտնելով, որ այն Պորտուգալիայի համար ներկայացնում է ոչ միայն մարզական, այլեւ տնտեսական հետաքրքրություն: «Դա մեր երկրին հնարավորություն կտա դրսեւորել իրեն համաշխարհային նշանակություն ունեցող նախագծում եւ դրական ազդեցություն կունենա սպորտի, զբոսաշրջության եւ տնտեսական ոլորտներում»,- ասել է Պորտուգալիայի երիտասարդության հարցերի եւ սպորտի պետքարտուղար Լաուրենտինու Դիաշը: Ընդ որում, Պորտուգալիայի իշխանությունները վստահեցնում են, որ իրենց երկիրն այժմ էլ պատրաստ է ֆուտբոլիստներին եւ հյուրերին ընդունելու: Պորտուգալիան ունի սպորտային ենթակառուցվածքներ, առաջին հերթին` խաղադաշտեր, հյուրանոցային համալիրներ, ստորգետնյա անցումներ եւ այլ շինություններ, որոնք մնացել են 2004-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո: Ռուսաստանի սպորտի նախարար, այդ երկրի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտնել է, որ Ռուսաստանը նույնպես հայտ է ներկայացնելու, որպեսզի դառնա ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության մրցավայր: Նա չի թաքցրել, որ այդ անելը շատ ավելի դժվար կլինի, քան երբ պայքարում էին Սոչիում 2014-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքին արժանանալու համար: Ընդ որում, նոր նախագիծը Ռուսաստանի պատմությունում խոստանում է լինել ամենաթանկը: Ռուսաստանցիները լավ են գիտակցում, որ հաղթելն իրենց համար շատ դժվար կլինի, թեեւ մրցույթին չեն մասնակցելու Աֆրիկայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները: Այդ երկրներում են կայանալու 2010-ի եւ 2014-ի աշխարհի առաջնությունները: Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայումս ունի միայն մեկ խաղադաշտ, որը համապատասխանում է ՖԻՖԱ-ի պահանջներին: Ասվածը վերաբերում է «Լուժնիկիին»: Նույնիսկ Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր տարողունակությամբ այն չէ, ինչը պահանջվում է: Այնպես որ, անհրաժեշտ կլինի կառուցել 11 նոր խաղադաշտ: Իսկ դրանցից յուրաքանչյուրի կառուցման համար կպահանջվի 200-500 մլն դոլար: Ռուսաստանցիները հաշվարկել են, որ եթե հաղթեն մրցույթում եւ այդ մրցումների անցկացման իրավունք ստանան, ապա ստիպված կլինեն ավելի շատ ծախսել, քան Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպման համար: Մոտավոր հաշվարկով օլիմպիական խաղերի անցկացումը կարող է կազմել 12 մլրդ դոլար: Հավելենք, որ ցանկություն են հայտնել 2018-ի աշխարհի գավաթի խաղարկության հայտեր ներկայացնել նաեւ Անգլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները: ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ ................................ չի վաճառվում Իտալիայի վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտնել է, որ իր թիմի բրազիլացի կիսապաշտպան Կական չի վաճառվի անգլիական «Մանչեսթեր Սիթիին», որի ներկայացուցիչները որպես փոխհատուցում առաջարկել էին 110 մլն եվրո: Ի դեպ, իտալացի ֆուտբոլասերները, իմանալով, որ երկու ակումբները բանակցում են, բողոքի ցույց էին կազմակերպել: Կական «Միլանի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է եւ մրցաշրջանի ընթացքում ստանում է 9 մլն եվրո: Խոսակցություններ կային, որ անգլիական ակումբը պատրաստակամություն էր հայտնել բրազիլացի ֆուտբոլիստին վճարել 15 մլն եվրո: Էլի մեկ զոհ Նախկինում շատ է խոսվել այն մասին, որ բռնցքամարտը դաժան, նաեւ կյանքի համար վտանգավոր մարզաձեւ է, անգամ հարց է բարձրացվել այն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու համար: Սակայն գործնականում ոչ մի կտրուկ որոշում չի կայացվել, թեեւ ողբերգական միջադեպերը շարունակվում են: Հերթականը գրանցվել է Նովոսիբիրսկում: Հունվարին Ալեքսանդր Շառոյանը մասնակցել էր պատանեկան մրցաշարի: 14-ամյա բռնցքամարտիկը 2 հաղթանակ էր տարել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր: Շառոյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 12 օր մնալուց հետո կնքել էր իր մահկանացուն: ................................ նոր դարաշրջանի սկիզբ Վաշինգտոնում երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի պաշտոնամուտի արարողությունը: ԱՄՆ-ի 44-րդ նախագահի պաշտոնամուտի արարողությանը ներկա է եղել ավելի քան 2.5 միլիոն մարդ: Ներկաներից շատերը ստիպված են եղել գիշերել փողոցում, քանի որ Վաշինգտոնի ու հարակից ավանների բոլոր հյուրանոցները դեռ ամիսներ առաջ զբաղեցված են եղել, վարձակալությամբ տրվող բնակարանները եւս ամբողջությամբ զբաղված են եղել: Դա իր մասշտաբներով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ ու միաժամանակ ամենաթանկ պաշտոնամուտի արարողությունն է եղել: Արարողության ընթացքում անվտանգությունը ապահովել է 43 հազար ոստիկան ու հատուկ ծառայությունների աշխատակից, 100 դիպուկահար եւ այլն: Ամբողջ արարողության վրա ծախսվել է 150 միլիոն դոլար: Առաջին սեւամորթ նախագահի անցումը իր պարտականությունների կատարմանը, առանց չափազանցության, պատմական կարեւոր իրադարձություն է համարվում: Նոր նախագահի հանդեպ վստահության աստիճանը այնքան մեծ է, որ գրեթե նախադեպը չի ունեցել: Թե՛ ԱՄՆ-ում եւ թե՛ ամբողջ աշխարհում Բարաք Օբամայի հետ մեծ հույսեր են կապում: Ամեն դեպքում` իրենք` ամերիկացիները, նշում են, որ իրենք կանգնած են պատմական փոփոխությունների շեմին եւ պատրաստ են ցանկացած անհարմարությունների` միայն թե ներկա լինեն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահի երդմնակալության արարողությանը: Օբամայի երդմնակալությունը յուրովի նշել են նաեւ աշխարհի շատ անկյուններում: Այսպես, Քենիայի Կոգելո գյուղում, ուր ծնվել է Հուսեյն Օբաման` Բարաք Օբամայի հայրը, երկրի տարբեր հատվածներից մի քանի հազար մարդ է հավաքվել եւ գյուղական դպրոցի պատին ամրացված մեծ մոնիտորի վրա գոռում-գոչյուններով հետեւել արարողությանը: Կոգելոյում հավաքվածները աչքի են ընկել նաեւ իրենց ցուցապաստառների վրա արված նշումներով, օրինակ` «Շնորհավորում ենք մեր որդուն ու մեր Հույսին»: Ի դեպ, Օբամայի ընտրվելուց հետո մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում մինչ այդ ոչնչով աչքի չընկնող այդ գյուղը: ԱՄՆ-ի 44-րդ նախագահի պաշտոնամուտի արարողությունը առանձնակի շուքով նշել են նաեւ Ճապոնիայի Օբամա քաղաքում, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, ուր 44-րդ նախագահը ապրել է մանկության տարիներին, եւ այլուր: Օբամայի հետ կապված մեծ հույսերի պատճառներից մեկն էլ արդեն նախկին նախագահ Ջորջ Բուշի թողած ծանր ժառանգությունն է` երկու պատերազմ` աֆղանական եւ իրաքյան, ֆինանսատնտեսական ճգնաժամ, աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության կտրուկ անկում եւ այլն: Ջորջ Բուշը իր ութնամյա նախագահությունը ավարտում է 22 տոկոս վարկանիշով, ինչը ամենացածրն է, որ ԱՄՆ-ի նախագահներից որեւէ մեկը երբեւէ ունեցել է: Ամերիկացիների 73 տոկոսը ոչ միայն չի աջակցում Բուշի քաղաքականությունը, այլեւ նրան համարում է ԱՄՆ-ի պատմության մեջ եղած ամենավատ նախագահը (երեկ, ի դեպ, Բուշը անկեղծանալով նշել է, որ հունվարի 21-ը` առաջին հետնախագահական օրը, արդեն որպես շարքային քաղաքացի սկսելու է անկողնում կնոջը` Լորային սուրճ մատուցելով): Ինչեւէ, աշխարհի շատ երկրներում, որոնք ԱՄՆ-ի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեն, ակնկալում են, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կսկսի «նոր էջից»: Մի բան ակնհայտ է, որ ոչ մի երկրի առաջնորդի ընտրություն այդքան մեծ ոգեւորություն չի առաջացրել ողջ աշխարհով մեկ: Այսպիսով, ի դեմս Բարաք Օբամայի` թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ ողջ աշխարհի համար սկսվում է նոր դարաշրջան, որի հետ մեծ հույսեր են կապում ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ մեծ թվով մարդիկ ամբողջ աշխարհում, ովքեր հավատում են, որ Օբամայի օրոք կավարտվեն պատերազմները եւ կհաղթահարվի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: նավթը էժանանում է Միջազգային շուկայում երեկ տեղի է ունեցել նավթի գների հերթական անկումը: Այսպես, Նյու Յորքի ֆոնդային բորսայում ամերիկյան «Light» մակնիշի նավթի մեկ բարելը գնահատվում էր 34.53 դոլար` նախորդ օրվա համեմատ նվազելով միանգամից 2.62 դոլարով: «Սեւ ոսկու» գների անկումը հիմնականում պայմանավորված է աշխարհում ծայր առած տնտեսական ճգնաժամով, ինչի հետեւանքով առաջացած ռեցեսիայի (արտադրության անկում) արդյունքում խիստ նվազել է այդ վառելիքի պահանջարկը: Միաժամանակ, նավթի գների նվազումը 2009-ին հանգեցնելու է գազի գների նվազմանը: «Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը երեկ հայտարարել է, որ եվրոպական երկրների համար ռուսական գազի 1000 խ/մ-ն կարժենա 250 դոլարից էլ պակաս, իսկ միջին սակագինը կկազմի 220 դոլար: Ներկայումս գազի եվրոպական միջին սակագինը 450 դոլար է: «Գազպրոմը» տեղեկացրել է, որ գազի սակագնի կտրուկ վերանայումը պայմանավորված է նավթի ու նավթամթերքների գների անկմամբ: Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՌԴ ղեկավարությունը հայտարարում էր, թե էժան էներգակիրների դարաշրջանը ավարտվել է, եւ Եվրոպան պետք է պատրաստ լինի գազի համար 1000 դոլար վճարելուն: ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՊԻ ԴԱՐԵՐԸ ՆՈՐԻՑ Այս օրերին վարչախմբի ներկայացուցիչների «մտքերի» դեմքերն ունեն այնպիսի արտահայտություն, որից կարելի է կռահել երկու բան. նախ` հեռուստաալիքներով շուտով 24 ժամ դասական երաժշտություն են դնելու, երկրորդ` վերջապես գտնվել է Նիկոլ Փաշինյանի` տարիներ առաջ հնչեցրած հարցի պատասխանը` որտեղի՞ց են հայտնվում դեգեներատներն իշխանության մեջ: Բայց դե` ո՛չ «Առա՛ջ, Հայաստանի» միմոսներին կփոխարինի դասականը, ո՛չ էլ կինքնախոստովանեն դեգեներատների ծագման կոնկրետ հասցեն: Նույն վարչախմբի գրեթե բոլոր առանցքային անդամներն արդեն հասցրել են եվրոականջների համար հրապարակավ հայտարարել, թե մարտի 1-ի համար մեղավոր ենք բոլորս` եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը: Ընդդիմության «մեղքի» համար կան տասնյակ ձերբակալվածներ եւ փախածներ: Ուրեմն, ըստ նույնիսկ եվրոտրամաբանության, նույնքան նստածներ ու փախածներ էլ պիտի լինեին իշխանությունից, եթե իշխանությունն էլ է մեղավոր: Բայց ո՛չ Հովիկ Աբրահամյանն է նստած, ո՛չ Թորոսյան Տիգրանը` «փախած», ո՛չ Գալուստ Սահակյանը` վտարանդի դարձած, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին են մերժում դահլիճ տրամադրել, որպեսզի մարգարիտներ շաղ տա ռեժիմի ծնոտների առջեւ: Սիրելի՛ ընթերցող, հաստատ կարդացած կլինեք հաղորդագրություններ, թե արեւմտյան այսինչ կամ այնինչ երկրում գողության կամ գրպանահատության համար ձերբակալվել են մեր հերթական հայրենակիցներից: Նրանց, ըստ այդ նույն հաղորդագրությունների, նախ զգուշացնում են, որ իրենց երկրում դա ընդունված չէ, որ իրենց երկիրը Սովետմիություն չէ: Հաջորդ անգամ կրկնվելու դեպքում` մեր այդ հայրենակիցներին ասում են. «Մենք ձեզ չէինք խնդրել, չէ՞, որ գաք մեր երկիր. ինքնակամ էիք եկել, ուրեմն` բարի լինեիք գոնե զգուշացվելուց հետո հարգել մեր օրենքները. այնպես որ, ձեզ բարի ճանապարհ»: Հետո մերոնց ուղեկցում են մինչեւ օդակայան եւ ճամփում Մասիս սարի սաստող հայացքի ներքո տվայտվելու: Կամ էլ, կախված գողոնի չափից, մինչեւ օդակայան ուղեկցելը` նախ իրենց բանտերն են տանում, ուր մերոնք տրտնջում են, թե` «Այս արեւմուտքցիք ի՜նչ սրիկա են, մի շիշ օղու կամ մի զույգ կոշիկի համար նստեցնում են` փոխանակ մի լավ ծեծելու ու կաշառքը վերցնելուց հետո բաց թողնելու, թեեւ բանտում կերակրում, ջերմացնում ու պահում են այնպես, որ կնախանձեր երկու դրույքով մանկավարժություն անող չարքաշ հայաստանցին»: Հիմա. ճիշտ եւ ճիշտ նույն կերպ` մեր ժուլիկ ռեժիմին մի անգամ ասացին. «Մենք չենք խնդրել, չէ՞, որ գաս Եվրախորհուրդ, ուրեմն քեզ մեկ զգուշացում, որի կետերը գրված են այս թղթի մեջ, տար ու կարդա, անունն էլ «1609 բանաձեւ» է»: Օձիքն ազատած մեր գրպանահատները նորից շարունակեցին իրենց միակ իմացածը: Այս համբերատար եվրոպացիք մի անգամ էլ բռնեցին նույն «գործի վրա», բայց ետ չուղարկեցին ու բանտ չնստեցրին, այլ` մատ թափ տվեցին եւ ասացին. «Եղբայր, սա վերջին անգամն է, որ ներում ենք, մենք քեզ համար պոլիտբյուրո կամ Տիզբոն չենք, որ Անհուշ բերդը նետենք կամ Մագադան ուղարկենք. ուզում ես` ուզիր, չես ուզում` Աստված քեզ հետ»: Ու խիստ չվիրավորելու համար` մերոնց ձեռքը տվեցին նույն բանաձեւի` սակավամիտների համար հնարավորինս պարզեցված տարբերակը, որ կոչեցին «Բանաձեւ 1620»: Ու քանի որ մերոնք ոչ միայն գրպանահատ են, այլեւ դեգեներատ, ծով համբերությամբ եվրոպացիք աչքները վրան են պահում, թե չլինի՞ նորից մի բան թռցնեն: Մերոնք էլ, իրար հերթ չտալով ու դերաբաշխում կատարելով, սկսել են հեգել. «Մենք 90 տոկոսով այլեւս ջեբկիր չենք. հիմա գրպանից ոչ թե ամեն բան ենք տանում, այլ միայն ծխախոտի փող` վասն պետականության»: Մյուսները թե` «Մենք այս կարճ ժամանակում չէինք կարող ամբողջությամբ թարգը տալ մեր ազգային հի՜ն սովորության»: Երրորդները թե` «Պահ, քո դրախտից հանում ես` հանիր, ես էլ ջեննեթ կգնամ կամ էլ կվերամարմնավորվեմ տարոնական Մամիկոնյանների մեջ, որ Ճենաց աշխարհից էին»: Չորրորդները թե` «Բայց դուք` ուտող ուրացող եվրոպացիքդ, յաման սրիկա եք, ուզում եք վտանգել մեր պետական անվտանգությունը, դուք հերթական մասոնական դավն եք նյութում. առը հա ձեզ, մենք հանուն մեր պետության շահերի` շարունակելու ենք ոչ միայն գրպան մտնել, այլեւ խանութ-մանութ, բանկ-մանկ, մանավանդ` Օտոման»: Հինգերորդները թե` «Այլեւս ժուլիկություն չանելը հենց մեր պետության ու ժողովրդի շահերից է բխում, քանի որ այդ մասին կա հենց մեր նախընտրական ծրագրում. բայց արդեն իսկ գողացածը ետ տալ չենք կարող, դա հակասում է մեր ինքնությանը եւ ճիշտ չի հասկացվի տղերքի կողմից, ու ջրհեղեղ կլինի»: Իսկ վեցերորդները... դե, վեցերորդները ի՞նչ, դրանք միշտ էլ վեցերորդ են` շեստյորկա, եւ կրկնում են առաջին հինգին միաժամանակ` հիմքը դնելով հայկական բազմաձայն երգչախմբի, որին կուղարկեն Եվրատեսիլ, միայն թե ցեղասպանության մասին ծպուտ անգամ չլինի:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ ................................ մեյդան ընկան ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորության մասին երեկ որոշել են իրենց ծանրակշիռ կարծիքները հայտնել նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Լեւոն Անանյանը հայտարարել է, թե ինքը լավատեսորեն է տրամադրված, եւ իր կարծիքով` Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հավանականությունը շատ փոքր է: Ըստ Անանյանի, սակայն, եթե ՀՀ-ին զրկեն էլ ձայնի իրավունքից, ապա մեր երկրի ներսում շատ բան չի փոխվելու: «Մենք պետք է նաեւ այդ փորձությանը դիմակայենք»,- ասել է Անանյանը: Նրա կարծիքով` մենք ավելի լավ է` այս պահին լուրջ մտածենք տնտեսական ճգնաժամի եւ դրա հաղթահարման ուղիների մասին, այնինչ սեւեռվել ենք ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի վրա: Ըստ ամենայնի, իր ծանրակշիռ կարծիքը ժողովրդին անպաճույճ փոխանցելու հրահանգը Անանյանին իջեցվել է հենց Բաղրամյան 26 հասցեից` նրա որդու` Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Արամ Անանյանի միջոցով: Ինչեւէ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ է երեկ հայտարարել, որ ՀՀ-ին ձայնի իրավունքից չեն զրկի: «Այսօր շատ մարդիկ երազում են, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից»,- իր ծանրակշիռ խոսքն է ասել Իգիթյանը: Ազնավուրը` դեսպա՞ն Շառլ Ազնավուրի մենեջեր Լեւոն Սայանը օրերս Կաննում անցկացված` Սկավառակների եւ երաժշտության միջազգային տոնավաճառի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ հանրահայտ երգիչը հնարավոր է` նշանակվի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Այս տոնավաճառի ժամանակ Շառլ Ազնավուրը մրցանակի է արժանացել: Ազնավուրը նաեւ նշել է, որ ուրախ է Բարաք Օբամայի ընտրության համար` ավելացնելով, որ նրա ընտրության օրը պաշտոնական նամակ է հղել: կվերսկսեն Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատը: Դատական նիստը նշանակված է ժամը 13.00-ին: Իսկ արդեն ժամը 15.00-ին նույն դատարանում պետք է շարունակվի «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Մարտի 1-ի գործով» քաղբանտարկյալ Վարդգես Գասպարի դատը: ազատության պաշտպան Հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հունվարի 22-ին Մարտին Լյութեր Քինգի օրվան նվիրված ընդունելության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը պարգեւատրվելու է «Ազատության պաշտպան» մրցանակով: Միջոցառմանը ելույթ կունենա Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: |
|